Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «արյունալի ագրեսոր». Աշխարհը՝ ՌԴ ռազմական գործողությունների մասին
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին անվանել է «արյունալի ագրեսոր»։ Նա հայտարարել է, որ ռուսական բոլոր խոշոր բանկերը կբախվեն Մեծ Բրիտանիայում ակտիվների սառեցմանը։
Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման մասին։ Բրիտանական պատժամիջոցների տակ են հայտնվել նաև ВТБ բանկը և Аэрофлот-ը։
Ռուսական գլխավոր ավիափոխադրողին կարգելվի թռիչքներ իրականացնել Մեծ Բրիտանիա, իսկ Ռուսաստանին վաճառվող տեխնոլոգիաների վրա կներդրվի «արտահանման խիստ վերահսկողություն»։
Սակայն Վլադիմիր Պուտինը գործարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանը «հարկադրաբար է ռազմական գործողություն սկսել Ուկրաինայի դեմ»։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանին այլ շանս չեն թողել»։ Պուտինը հավելել է, որ Ռուսաստանը մնում է համաշխարհային տնտեսության մաս։
Մեծ յոթնյակի երկրները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ դատապարտել են Ուկրաինա Ռուսաստանը ներխուժումը և հայտարարել Կիևին վճառական աջակցության մասին։
«Մենք դատապարտում ենք Նախագահ Պուտինին՝ եվրոպական անվտանգությանը վերաբերող հարցերի լուծման համար դիվանագիտական գործընթացին մասնակցելուց նրա հետևողական հրաժարվելու համար, չնայած մեր բազմաթիվ առաջարկներին»,- նշվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է CNN-ը։ Մեծ յոթնյակի երկրները Պուտինին մեղադրել են Եվրոպայում պատերազմի համար։ «Նա իրեն դրել է պատմության ոչ այն էջում»։
«Այս ներխուժման համար հիմքեր չկան։ Սա Պուտինի պատերազմն է։ Ես կոչ եմ անում նախագահ Պուտինին վերջ դնել արյունահեղությանը և ամբողջությամբ դուրս բերել զորքերը Ուկրաինայի տարածքից»,- Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլց։
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը՝ ռուս-ուկրաինական պատերազմի վերաբերյալ։
«Մի քանի օր առաջ ես ասացի, որ ռուսները խելքները հետ չեն տվել և չեն հարձակվի Ուկրաինայի վրա։ Ես խոստովանում եմ, որ ճիշտ չէի։ Անհրաժեշտ է մեկուսացնել խելագարին և նրանից պաշտպանվել ոչ միայն խոսքերով, այլև կոնկրետ գործողություններով»։
Վերջին տարիներին Զեմանը հանդես էր գալիս Արևմուտքի և Ռուսաստանի հարաբերությունների կարգավորման օգտին։ Նախկինում նա քննադատում էր Արևմուտքի գործողությունները Ռուսաստանի նկատմամբ։
Նշենք, որ երեկ Ուկրաինական կողմը հայտնել է ռուսաստանցի զինծառայողների գերեվարման մասին։