Ամերիկացի դերասան Շոն Փենը գտնվում է Ուկրաինայում, որտեղ փաստավավերագրական ֆիլմ է նկարահանում ռուսական ներխուժման վերաբերյալ
Ամերիկացի դերասան Շոն Փենը գտնվում է Ուկրաինայում, որտեղ փաստավավերագրական ֆիլմ է նկարահանում ռուսական ներխուժման վերաբերյալ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Instagram-ում Փենի հետ համատեղ տեսանյութ է հրապարակել։
Hromadske.ua-ն, հղում անելով Ուկրաինայի առողջապահության նախարարությանը, հայտնել է, որ ռուսական ներխուժման արդյունքում Ուկրաինայում զոհվել է 57 մարդ, ևս 169-ը՝ վիրավորվել։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կրկին հավանական է համարել, որ կարող է անհատական պատժամիջոցներ սահմանել Վլադիմիր Պուտինի նկատմամբ։ Բայդենը նաև ասել է, որ ներկայումս չի պլանավորում հանդիպել ՌԴ նախագահի հետ։
ԱՄՆ ֆինանսերի նախարարությունը հայտնել է, որ պատժամիջոցներ է սահմանել ռուսական 11 իրավաբանական անձանց նկատմամբ, այդ թվում Сбербанк-ի և Газпромбанк-ի։
NBC News-ի տվյալներով՝ ամերիկյան հատուկ ծառայությունները նախագահ Ջո Բայդենին զանգվածային կիբերհարձակումների իրականացման մի քանի տարբերակ են առաջարկել, որոնք կարող են խանգարել Ռուսաստանին Ուկրաինայում ռազմական գործողության անցկացման ժամանակ։
Բայդենի պնդմամբ՝ Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային միությունը։ Նրա խոսքով՝ ինքը կարդացել է Պուտինի հոդվածը, դիտել ելույթը և հանգել այն եզրակացության, որ Պուտինը նման մտադրություն ունի։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «ագրեսոր» է անվանել։ Նա քննադատել է Ուկրաինայում ռուսական ռազմական գործողությունը և Պուտինին մեղադրել արյունահեղության մեջ։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները կսահմանափակեն դոլարով, եվրոյով, ֆունտով և իենով գործարքներ անելու հնարավորությունը։ Նրա պնդմամբ՝ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կմտցնի ВТБ բանկի դեմ և կսահմանափակի Ռուսաստան բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը։ Արտահանման սահմանափակումները կտարածվեն նաև տիեզերական արդյունաբերության վրա։
Ջո Բայդենի խոսքով՝ ԱՄՆ-ն չի մասնակցի Ուկրաինայում ռազմական հակամարտությանը։ Այդուհանդերձ, Նահանգները լրացուցիչ զորքեր կուղարկի Գերմանիա։
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ «Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումը անազնիվ, չսադրված և անընդունելի է և այն կունենա ծանր հետևանքներ»։
Չեխիայից և Լատվիայից հետո Լիտվան ևս դադարեցրել է ռուսաստանցիներին մուտքի վիզա տրամադրել։
«Սա համերաշխության քայլ է Ուկրաինայի ժողովրդին, որը ռազմական ագրեսիայի է ենթարկվել Ռուսաստանի կողմից»,- նշվում է ԱԳՆ հայտարարության մեջ։