Պուտինն ագրեսոր է․ Բայդեն
ՏեսանյութերՄենք շաբաթներ շարունակ զգուշացրել ենք, որ դա տեղի կունենա։ Այս մասին իր ուղերձի ժամանակ հայտարարեց ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ խոսելով այսօր մեկնարկած Ուրաինա-Ռուսաստան պատերազմի մասին։
Նա նշեցլ է, որ ԱՄՆ-ն կսահմանափակի դոլարով, եվրոյով և իենով գործարքներ անելու ռուսական բիզնեսի հնարավորությունը։ Այսօր նոր պատժամիջոցներ կսահմանվեն Ռուսաստանի դեմ։
«ԱՄՆ-ն արգելափակող պատժամիջոցներ է սահմանում VTB-ի և երեք այլ պետական բանկերի դեմ։ Նոր պատժամիջոցները սահմանափակելու են բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտահանումը Ռուսաստան, ներառյալ՝ տիեզերական արդյունաբերությունը։ Պատժամիջոցները կազդեն ռուսական բարձր տեխնոլոգիաների ներմուծման ոչ ծավալի կեսից ավելիի վրա»,-նշել է նախագահը։
Միևնույն ժամանակ Բայդենը հայտարարել է, որ ԱՄՆ զորքերը չեն մասնակցի Ուկրաինայի հակամարտությանը։ ՆԱՏՕ-ն Ռուսաստանի գործողություններին պատասխանելու ծրագիր է մշակում, ԱՄՆ-ը նոր ուժեր կտեղակայի Եվրոպայում, այդ թվում՝ Գերմանիայում։ Կուժեղացվի արևելյան եզրը՝ Էստոնիան, Ռումինիան, Լեհաստանը և Լիտվան։
«Եթե Ռուսաստանը կիբերհարձակումներ նախաձեռնի ԱՄՆ-ի նկատմամբ, ապա մենք կոշտ պատասխան կտանք։ ԱՄՆ նավթային ընկերությունները չպետք է օգտագործեն պահը և թանկացնեն գները։ Մենք բանակցում ենք նավթի խոշորագույն արտադրողների հետ»,-նշել է նա։
ԱՄՆ նախագահը ևս մեկ անգամ ընդգծել է՝ այժմ պայքար է գնում ժողովրդավարության և ավտորիտար ռեժիմի միջև․ «Հաղթելու է ազատությունը, հաղթանակած դուրս կգան ազատ երկրների ժողովուրդները»։
Բայդենը Պուտինի հետ բանակցություններ վարելու պլաններ դեռ չունի։
«Ես կարդացել և լսել եմ Պուտինի ելույթները։ Նա հսկայական հավակնություններ ունի, Պուտինը ցանկանում է վերականգնել Խորհրդային Միությունը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։
«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:
Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 05:00-ից (Երևանի ժամանակով 07:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։