Ջոնսոնը հայտարարել է, որ համակարգված պատժամիջոցները պետք է ներառեն ՌԴ-ից նավթի և գազի հրաժարումը
Համակարգված պատժամիջոցները, որոնք Արևմուտքի երկրները մտադիր են կիրառել Ռուսաստանի դեմ, պետք է ենթադրեն ռուսական նավթից և գազից հրաժարում: Այս մասին հինգշաբթի հայտարարել է Միացյալ Թագավորության վարչապետ Բորիս Ջոնսոնը՝ ելույթ ունենալով բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում։
«G7-ի առաջնորդների հանդիպման ժամանակ այսօր մենք պայմանավորվել ենք գործել համակարգված, որպեսզի Պուտինը վճարի իր ագրեսիայի համար առավելագույն տնտեսական գինը: Դա պետք է ներառի ռուսական նավթից ու գազից Եվրոպայի հավաքական կախվածության դադարեցումը, որը Պուտինին չափազանց երկար իշխանություն էր տալիս։ Այդ պատճառով ես ողջունում եմ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հրաշալի որոշումը՝ դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»- ի սերտիֆիկացումը»,- ասել է Ջոնսոնը։
«Այն պետությունները, որոնց բաժին է ընկնում համաշխարհային տնտեսության մոտ կեսը, առավելագույնս կուժեղացնեն ճնշումը երկրի վրա, որը պատասխանատու է համաշխարհային ՀՆԱ-ի միայն 2 տոկոսի համար»: