Շվեյցարիան պատժամիջոցներ կկիրառի ռուսական բանկերի և Պետդումայի պատգամավորների նկատմամբ
Շվեյցարիան ֆինանսական պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի երեք բանկերի նկատմամբ, իսկ Պետդումայի 361 պատգամավորների նկատմամբ՝ «ճանապարհորդական սահմանափակումներ» կկիրառի։ Այս մասին հինգշաբթի՝ փետրվարի 24-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Շվեյցարիայի նախագահ Իգնացիո Կասիսը։
Նա չի հստակեցրել, թե որ բանկերի մասին է խոսքը։
Կասիսը նաև նշել է, որ պատժամիջոցներ կկիրառվեն մի շարք ռուս գործարարների նկատմամբ։
Շվեյցարիայի նախագահի խոսքով՝ այդ պատժամիջոցների սահմանումն անհրաժեշտ է Շվեյցարիայի տարածքով Ռուսաստանի դեմ կիրառվող Եվրամիության պատժամիջոցների հնարավոր շրջանցումը կանխելու համար։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցները կազդեն Ռուսաստանի ռազմական, տնտեսական և էներգետիկ ոլորտների վրա։
Նույն օրը Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԵՄ նոր պատժամիջոցները ճնշում են տնտեսական աճի վրա և կբարձրացնեն երկրում գնաճը։
Իր հերթին, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ երկիրը իր դաշնակիցների հետ միասին «լայնածավալ պատժամիջոցներ» կսահմանի Ռուսաստանի դեմ։ Նա կոչ է արել դաշնակիցներին միասին հրաժարվել ռուսական նավթից և գազից, «որոնք չափազանց երկար ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար ազդեցության լծակ են արևմտյան քաղաքականության վրա»: