Արևմուտքը տարբեր ձևաչափերով հանդիպումներ է հրավիրում՝ Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար
Այսօր՝ փետրվարի 24-ին, Արեւմուտքը հրավիրում է արտակարգ խորհրդակցություններ՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար։ Այսպես, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռուսաստանի նկատմամբ կոշտ միջոցներ սահմանելու նպատակով կհանդիպի G7-ի դաշնակիցների հետ, հաղորդում է DW-ը։
ԵՄ պետությունների ղեկավարները եւ կառավարությունների ղեկավարներն արտահերթ նիստում կքննարկեն Մոսկվայի նկատմամբ կիրառվելիք պատժամիջոցային փաթեթը։ Բրյուսելը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։
Արտակարգ խորհրդակցությանը ներկա կլինեն ՆԱՏՕ-ում մշտական ներկայացուցիչները։Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հրավիրում է Cobra կառավարական արտակարգ հանձնաժողովի նիստ։
Գերմանիայի կառավարությունը հակաճգնաժամային թիմի հրատապ նիստ է հրավիրում։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը։ Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը զրուցել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եւ նրան խոստացել «Գերմանիայի լիակատար համերաշխություն»։