Հունաստանի փոխդեսպանը Հայաստանին է հանձնել Հունաստանի ԱԳՆ-ի նվիրաբերած «Մոդեռնա» պատվաստանյութի 35․000 չափաբաժինը
Ս․թ․փետրվարի 24-ին, Հայաստանում Հունաստանի փոխդեսպան Էմանուիլ Ասիմակոպուլոսը պաշտոնապես Հայաստանին հանձնեց Հունաստանի Արտաքին գործերի նախարարության նվիրաբերած «Մոդեռնա» պատվաստանյութի 35․000 չափաբաժինը։ Այս մասին հայտնել են Հայաստանում Հունաստանի դեսպանությունից:
«Ցանկանում եմ արտահայտել մեր մեծ գոհունակությունը, այսօր «Մոդեռնա» պատվաստանյութի այս 35․000 չափաբաժնի նվիրատվության ծրագրի հաջող ավարտի կապակցությամբ։ Այսպիսով, մենք գործնականում օգնում ենք մեր հայ բարեկամներին COVID -19 համավարակի դեմ պայքարում։ Այս կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել Հայաստանի արտաքին գործերի և Առողջապահության նախարարություններին՝ մեր օրինակելի համագործակցության և ծրագրի հաջող իրականացման գործում իրենց աջակցության համար»,-նշել է փոխդեսպանը:
Նշենք, որ ծրագիրը իրականացվել է Եվրոպական Միության Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի Արտակարգ իրավիճակների արագ արձագանքման համակարգող կենտրոնի աջակցությամբ, որը սատարել է պատվաստանյութի տեղափոխման գործընթացին։