Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործով ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է.
« «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Անդրանիկ Մակարյանի դեմ հարուցված քրեական գործով ևս երեք անձի մեղադրանք է առաջադրվել, ընդ որում՝ նրանցից մեկը կին է:
Ավելին՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ քրեական գործով ուշագրավ բացահայտումներ են եղել, որ, օրինակ, մարտի դաշտից վարչության պետերից մեկի տղային դուրս են հանել և տեղափոխել են ավելի անվտանգ տեղ, ասել է թե՝ փախցրել են: Հիշեցնենք, որ Զինված ուժերի պատրաստության գլխավոր վարչության պետ հանդիսացող գեներալ-լեյտենանտ Մակարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասով (անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, պատժվում է ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով):
Մակարյանի նկատմամբ ընտրվել է ստորագրությունը չհեռանալու մասին խափանման միջոցը։ Մակարյանը, սակայն, չի ընդունում մեղադրանքը: Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Անդրանիկ Մակարյանը հրավիրվել է ՀՀ քննչական կոմիտե, հարցաքննվել է: Հավելենք, որ այս և այլ քրեական գործերով Զինվորական քննչական կոմիտեում հարցաքննվել են նաև Արցախի պաշտպանության նախկին նախարար Ջալալ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը: Հավելենք նաև, որ առաջիկայում այս քրեական գործով ևս նախաքննության ավարտ կհայտարարվի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում