Իրաքում ավիահարվածների հետևանքով ԻՊ-ի հինգ զինյալ է սպանվել
Չորեքշաբթի Իրաքի հյուսիսում ավիահարվածների արդյունքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հինգ զինյալ է սպանվել։ Այս մասին հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը, հայտնել է հանրապետության զինված ուժերի հրամանատարի ներկայացուցիչ Յահյա Ռասուլը։
Նրա խոսքով՝ ծայրահեղականները, որոնք թաքնվել էին քարանձավներում, ոչնչացվել են լուսադեմին Քիրքուք նահանգի Էդ-Դիբս շրջանում։ Հարվածից կարճ ժամանակ առաջ Իրաքի ռազմաօդային ուժերի եւ միջազգային կոալիցիայի հետախուզական ինքնաթիռները ֆիքսել էին արմատականների տեղաշարժն այդ տարածքում, իսկ նրանց ճշգրիտ վայրը հետագայում պարզել էին հակաահաբեկչական ծառայության մարտիկները, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
ԻՊ գրոհայինները 2014 թվականի ամռանը գրավեցին Իրաքի տարածքի մոտ մեկ երրորդը։ Նույն թվականի հունիսին նրանք գրավեցին երկրի մեծությամբ երկրորդ քաղաքը՝ Մոսուլը, եւ այն այսպես կոչված խալիֆայության մայրաքաղաք հռչակեցին։ 2015 թվականին միջազգային կոալիցիայի աջակցությամբ կառավարական ուժերը լայնածավալ արշավ սկսեցին՝ ծայրահեղականների վերահսկողության տակ անցած տարածքների ազատագրման համար: Իրաքում խմբավորման ջախջախումից հետո, որի մասին երկրի իշխանությունները հայտարարեցին 2017 թվականի դեկտեմբերին, անվտանգության իրավիճակը նկատելիորեն բարելավվեց, եւ հարձակումները, այդ թվում՝ ահաբեկչական, սկսեցին նվազել: Ուժային գերատեսչությունները շարունակում են հարձակումներ իրականացնել տարբեր շրջաններում՝ ահաբեկչական ընդհատակի ոչնչացման համար, որի զինյալները դեռեւս հարձակումներ են իրականացնում իրավապահների, բանակի եւ քաղաքացիական անձանց վրա, հիմնականում՝ Իրաքի հյուսիսային նահանգներում։