Բրիտանացիները խեղդվելու վտանգի առջև են հայտնվել
Մասնագետները Բրիտանիայի քաղաքացիներին նախազգուշացրել են հեղեղումների պատճառով հնարավոր մահվան մասին։ Խեղդվելու վտանգի առջեւ են հայտնվել նկուղային բնակարանների բնակիչները, հաղորդում Է The Independent-ը։
Փետրվարին Միացյալ Թագավորությունում երեք փոթորիկ է մոլեգնել․ Թեմզա գետի մոտ ապրող հարյուրավոր մարդիկ տարհանվել են մակընթացության պատճառով։ Գիտնականները երկրում էքստրեմալ եղանակը կապում են կլիմայի փոփոխության հետ եւ ակնկալում են, որ ապագայում նման երեւույթները հաճախակի կդառնան։ Փորձագետների մոտ հատուկ մտավախություն է առաջացնում գետնի տակ գտնվող բնակելի տարածքների քանակը։ Նման բնակարաններում ջուրը կարող է լցվել կոյուղու միջոցով կամ դուրս գալ մակերեւույթից գիշերը, երբ ներսում գտնվող մարդիկ քնած են եւ չեն կարող ժամանակին արձագանքել։ Դա վերաբերում է ոչ միայն Լոնդոնին, այլ նաեւ Բրիտանիայի բոլոր քաղաքներին, որտեղ նկուղային կացարանները հատկապես տարածված են։
«Ստեղծված իրավիճակը վախեցնում է, քանի որ մենք չգիտենք, թե որքան լոնդոնցիներ են ապրում գետնի տակ», - հայտարարել է London Climate Change Partnership փորձագիտական կենտրոնի ներկայացուցչի տեղակալ Բոբ Վարդը։
Թիրախային խումբը վտանգի մեջ հայտնված անշարժ գույքի սեփականատերերին կոչ է արել հայտնել տանը բնակելի նկուղային շինության առկայության մասին: Հավաքված տվյալները կօգտագործվեն ջրհեղեղների նկատմամբ կայունության բարձրացման համար։
Խումբը նաեւ նշել է, որ քաղաքը հեղեղումների զսպման նոր ծրագրի կարիք ունի. վիկտորիանական դարաշրջանի ցամաքուրդային (դրենաժային) համակարգը նախատեսված չէ ներկայիս եղանակային պայմաններից պաշտպանվելու համար:
Լոնդոնյան Հաքնի շրջանի քաղաքապետ Ֆիլիպ Գլենվիլը հայտարարել է, որ իշխանություններն աշխատում են խնդրի լուծման ուղղությամբ, սակայն ջրհեղեղների վերահսկման համար պատասխանատու կազմակերպության բացակայությունը բարդացնում է գործընթացը։