Թութանհամոնի դաշույնի ստեղծման գաղտնիքը
Երկնաքարից դաշույնը Թութանհամոնի հարսանեկան նվերն էր։ Այն առաջին անգամ հայտնաբերվել էր 1920-ական թվականներին փարավոնի դամբարանում: Սակայն ճապոնացի գիտնականները միայն հիմա են կիսվել արտեֆակտի հետազոտման արդյունքներով։ Այս մասին հոդվածը հրապարակվել է Meteoritics & Planetary Science ամսագրում։
35 սանտիմետրանոց դաշույնի բաղադրությունը պարզելու համար գիտնականները ռենտգեն հետազոտություն են անցկացրել։ Ինչպես պարզվել է, դաշույնը պատրաստվել է ցածր ջերմաստիճանում ծեծման եղանակով։ Ընդ որում, այն ծեծվել է ոչ թե Եգիպտոսում, այլ այն վայրերում, որտեղ ջերմաստիճանը ցածր է։
Գիտնականները պարզել են, նրանց սկզբում զարմացել է այն, որ դաշույնը երկաթից է եղել, մինչդեռ երկաթի դարը սկսվել է Թութանհամոնի մահից մեկ դար անց: Արդյունքում հետազոտողներն այն եզրակացության են հանգել, որ օբյեկտը ծեծվել է երկնաքարից՝ մետաղի կտորներից, որոնք ընկել են տիեզերքից եւ միայն հետո են մշակվել Երկրի վրա:
Այժմ սպեկտրոմետրիան ցույց է տվել, որ դաշույնը բաղկացած է երկաթից, նիկելից, մանգանից եւ կոբալտից։ Սայրի սեւացած կետերում նաև ծծումբ, քլոր, կալցիում եւ ցինկ է հայտնաբերվել:
«Մենք դաշույնի մակերեսին փոքր սեւ կետեր ենք հայտնաբերել,- պատմել է Տոմոկո Արաին Ճապոնիայի Չիբա տեխնոլոգիական ինստիտուտից:- Պարզվել է, որ դրանք երկաթի սուլֆիդներ են, որոնք սովորաբար հայտնաբերվում են ութանիստ երկաթե երկնաքարերի կազմում»: Պրոֆեսորի խոսքով՝ երկաթի սուլֆիդի առկայությունը, ինչպես նաեւ սայրի վրա բնորոշ բարակ նախշը վկայում են, որ այն պատրաստվել է համեմատաբար ցածր ջերմաստիճանում՝ մոտ 950°C:
Երկնաքարից երկաթե դաշույնը, ինչպես պարզել են հետազոտողները, իրականում նվեր էր Ամենհոտեպ III՝ Թութանհամոնի պապին՝ Անատոլիայում գտնվող Միտաննիի թագավորից, երբ փարավոնն ամուսնացել էր նրա դստեր հետ։ Այնպես որ, հնարավոր է, որ Թութանհամոնի տիեզերական դաշույնն արտասահմանից ստացված ընտանեկան հուշաիր էր: