Ռուսաստանը սկսել է լայնածավալ ներխուժումն Ուկրաինա. Ուկրաինայի արտաքին գործերի նախարար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հայտարարել է, որ Ռուսաստանը սկսել է լայնածավալ ներխուժումն Ուկրաինա, ըստ նրա՝ հարվածներ են հասցվում ուկրաինական քաղաքներին։
«Պուտինը հենց նոր է սկսել լայնածավալ ներխուժումը Ուկրաինա։ Ուկրաինական խաղաղ քաղաքները հարձակման են ենթարկվում։ Սա ագրեսիվ պատերազմ է։ Ուկրաինան կպաշտպանի իրեն և կհաղթի», – գրել է նախարարը Twitter-ում։
Ուկրաինական զլմ-ները հաղորդում են, որ Ռուսաստանը հրթիռային հարվածներ է հասցրել Կիեւի, Խարկովի, Դնեպրի օդանավակայաններին, Ռազմական կառավարման կենտրոնին եւ ռազմական օբյեկտներին։ Ըստ տեղեկությունների, ՌԴ-ն դեսանտ է իջեցրել Ուկրաինայի սեւծովյան ափին, Մարիուպոլի ուղղությամբ։ ՌԴ-ն փակել է Ուկրաինայի արեւելքի օդը։
Այսօր վաղ առավոտյան Պուտինը հայտարարել էր «Դոնբասում ռազմական հատուկ գործողություն սկսելու մասին»։ ՌԴ նախագահը դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին՝ ասելով, որ ղրիմցիները կատարել են իրենց ընտրությունը, Ռուսաստանի գործողությունները ինքնապաշտպանություն են։ Նա կոչ է արել համագործակցել, «որպեսզի որքան հնարավոր է շուտ շրջենք այս ողբերգական էջը և միասին գնանք առաջ»։