Կլիմայի փոփոխությունը ռեկորդ է սահմանել վերջին 24000 տարում
Nature գիտական ամսագիրը հրապարակել է Արիզոնայի համալսարանի գիտնականների հետազոտության արդյունքները, որոնք պնդում են, որ մոլորակի վրա կլիմայի փոփոխության արագությունը 24 հազար տարվա ռեկորդ է սահմանել, որը համեմատելի է վերջին սառցե դարաշրջանի ժամանակի հետ Եվրասիայում եւ Հյուսիսային Ամերիկայում: Գիտնականները հետազոտություն են անցկացրել, որի ընթացքում նրանք ժամանակի ընթացքում կլիմայի փոփոխությունների վերականգնում են իրականացրել:
«Այդ վերականգնումը ենթադրում է, որ ներկայիս ջերմաստիճանն աննախադեպ է վերջին 24000 տարվա ընթացքում, ինչպես նաեւ վկայում է այն մասին, որ մարդու գործունեության արդյունքում առաջացած գլոբալ տաքացման արագությունն ավելի բարձր է, քան երբեւէ»,- ասել են հետազոտողները:
Գիտնականներին եւս մեկ անգամ հաջողվել է հաստատել, որ գլոբալ փոփոխությունների հիմնական պատճառը ջերմոցային գազերի կոնցենտրացիայի ավելացումը եւ սառցաշերտերի նահանջն է:
Սա տաքացման է հանգեցրել, որը տեղի է ունենում վերջին 10000 տարվա ընթացքում: Ընդ որում, վերջին 150 տարվա ընթացքում փոփոխությունների մեծությունը զգալիորեն գերազանցում է վերջին 24.000 տարվա փոփոխության մեծությունն ու արագությունը: Գիտնականները մտավախություն ունեն, որ նման ուժեղ մարդածին ազդեցության դեպքում բնությունը չի հասցնում հարմարվել փոփոխվող պայմաններին: Հետազոտության ընթացքում նստվածքային ապարների հարյուրավոր նմուշներ են հավաքվել՝ բաղկացած վերջին սառցե դարաշրջանի ժամանակներից կուտակված խեցիներից, եւ չափվել են թթվածնի իզոտոպների զտամասերը: Ուսումնասիրվել է նաեւ կալցիումի, մագնեզիումի եւ այլ միացությունների պարունակությունը նստվածքներում: