ԵՄ երկրները հինգշաբթի արտահերթ գագաթնաժողով կանցկացնեն
ԵՄ առաջնորդները հինգշաբթի արտահերթ գագաթնաժողով կանցկացնեն՝ քննարկելու համար Ռուսաստանի կողմից ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի ճանաչման հետ կապված հետագա գործողությունները, այն բանից հետո, երբ դաշինքը չորեքշաբթի հաստատեց պատժամիջոցների առաջին, սահմանափակ փուլը, հայտնում է Reuters-ը:
ԵՄ պատժամիջոցները, որոնք ուժի մեջ են մտել չորեքշաբթի, բազմաթիվ քաղաքական գործիչների՝ սեւ ցուցակում ներառում եւ ԵՄ-ի եւ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի միջեւ առեւտրի արգելք են նախատեսում:
«Կարեւոր է, որպեսզի մենք շարունակենք լինել միասնական եւ վճռական եւ համատեղ սահմանենք մեր հավաքական մոտեցումներն ու գործողությունները»,- ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր նամակում՝ ԵՄ առաջնորդներին հրավիրելով Բրյուսել:
Նա հայտնել է, որ հինգշաբթի ժամը 19:00-ից տեղի կունենա Եվրոպական խորհրդի արտահերթ նիստը:
Միշելը հայտնել է, որ հանդիպման օրակարգը քննարկում կներառի այն մասին, թե «ինչպես ենք մենք պաշտպանում կանոնների վրա հիմնված միջազգային կարգը, ինչպես ենք մենք վարվում Ռուսաստանի հետ, մասնավորապես՝ նրան պատասխանատվության ենթարկելով իր գործողությունների համար, ինչպես ենք մենք շարունակելու աջակցել Ուկրաինային եւ նրա ժողովրդին»։
Պատժամիջոցների առաջին փուլի ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, սահմանափակ կլինի, քանի որ արեւմտյան կառավարությունները գերադասում են պատժամիջոցների շատ ավելի մեծ փաթեթները ռեզերվում պահել՝ կիրառելով ճգնաժամի սրման դեպքում: