Թուրքիային սպառնում է պարենային ճգնաժամ
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) պատգամավոր Օքան Գայթանջըօղլուն հայտարարել է, որ երկիրը գնում է դեպի պարենային ճգնաժամ:
Խորհրդարանում կազմակերպած ասուլիսի ընթացքում նա նշել է, որ Թուրքիան գյուղատնտեսության և սննդի ոլորտում լուրջ խնդիրներ ունի: Ըստ Գայթանջըօղլուի՝ նախագահական կառավարման համակարգին անցնելուց հետո կառավարությունը նվազեցրել է ֆերմերներին տրվող սուբսիդիաները, միևնույն ժամանակ հանվել են գյուղմթերքի ներմուծման մաքսատուրքերը, ինչը հարվածել է տեղական արտոդրողների մրցունակությանը:
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իշխող կուսակացության (Արդարություն և զարգացում-ԱԶԿ) կազմած կառավարությունը ոչինչ չի արել կորոնավիրուսի պայմաններում պարարտանյութերի գների մինչև 700 տոկոսանոց աճը զսպելու համար, այնինչ աշխարհի այլ երկրներում վերանայվել են գյուղատնտեսությանը տրվող ֆինանսավորումները:
«Թուրքիան գնում է դեպի պարենային ճգնաժամ: Նախորդ տարի 1 հացը 1.5 լիրա էր, այժմ 3-3.5 լիրա է: Այս երկիրը չպետք է ներմուծի այն ապրանքները, որոնք կարող է ինքն արտադրել, քանի որ եթե նույնիսկ փող ունես, կարող է գալ մի օր, որ չկարողանաս ներմուծում անել: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լուրջ լարվածություն կա: Եթե ընդունենք, որ Թուրքիան գյուղատնտեսական ապրանքների գրեթե կեսը ներմուծում է այդ երկրներից, ապա պատերազմ լինելու դեպքում ցորեն չեն կարողանա այլևս ներմուծել: Թուրքիան այլ ճանապարհ չունի, քան իր արտադրողին պաշտպանելն ու աջակացելը և արտադրող երկիր դառնալը»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը։