Ավստրալիայում ջրհեղեղների հետևանքով մարդ Է զոհվել
Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում ջրհեղեղները 63-ամյա կնոջ մահվան պատճառ են դարձել, եւս մեկ մարդ անհետ կորել է, ինչպես նաեւ դուրս է եկել ռելսերից ապրանքային գնացքը, հաղորդում Է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցները։
Ինչպես հաղորդել է 9News հեռուստաալիքը, մահացած կինը ջրհեղեղի ժամանակ գտնվել է իր խորտակված ավտոմեքենայում՝ Սանշայն Քոսթի շրջանում: Ոստիկանությունը մի քանի ժամ չի կարողացել բացել մեքենան ջրի արագ բարձրացող մակարդակի պատճառով։
Հեռուստաալիքի տվյալներով՝ որոնում են նաեւ անհետ կորած 54-ամյա մոտոցիկլավարին։
4BS ռադիոկայանը հայտնել Է Ջիմփի քաղաքից հարավ բեռնատար գնացքի վթարի մասին. այն դուրս է եկել ռելսերից ողջ գիշեր շարունակվող անձրեւներից հետո։
Քվինսլենդ նահանգի իշխանությունները նահանգի բնակիչներին կոչ են արել դուրս չգալ հեղեղումների շրջանում գտնվող ճանապարհների ու կամուրջների մոտ, չհատել ճանապարհի հեղեղված հատվածները։
Օդերեւութաբանների տվյալներով՝ Սանշայն Քոսթայի շրջանում մոտավորապես վեց ժամում տեղացել են մինչեւ 300 միլիմետր տեղումներ։
Ինչպես հայտնում է 9News-ը, երկու օր անձրեւներ են տեղացել նաեւ Սիդնեյում, որտեղ արձանագրվել է ճանապարհների և տների մոտ հարյուր վնասվածք։