Իտալիան չեղարկել է COVID-19-ի կարանտինը նաեւ ոչ եվրոպական երկրների զբոսաշրջիկների համար
Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան տեղեկացրել է, որ մարտի 1-ից հանվելու է կարանտինը երկիր մտնող բոլոր օտարերկրացիների համար։ Այս մասին Twitter-ում տեղեկացրել է առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
«Մարտի 1-ից ԵՄ կազմի մեջ չմտնող բոլոր երկրներից եկողների համար գործելու են նույն կանոնները, ինչ եւ եվրոպական երկրներից եկողների համար։
Իտալիա մտնելու համար բավական կլինեն պատվաստման, ապաքինման [COVID-19-ից] մասին վկայականները կամ բացասական թեստը»,- ասվում է հաղորդագրությունում։
Ինչպես տեղեկացրել են Իտալիայի առողջապահության նախարարությունում, երկրում համաճարակաբանական իրավիճակը բարելավվում է, իսկ COVID-19-ով հիվանդացությունը՝ նվազում։ Ըստ վերջին տվյալների՝ երկրում մեկ օրում գրանցվել է վարակման 60 029 նոր դեպք, 89 993 մարդ ապաքինվել է, 322-ը՝ մահացել։
Ավելի վաղ Իտալիայի կառավարությունը որոշում է կայացրել, որ կորոնավիրուսի դեմ ցանկացած դեղամիջոցով (այդ թվում ԵՄ-ում չսերտիֆիկացված) պատվաստված մարդիկ երկրում COVID-19-ի սովորական թեստի արդյունքով կարող են օգտվել ցանկացած ծառայությունից, այդ թվում հյուրանոցներում, մշակութային հաստատություններում եւ հանրային սննդի վայրերում։