Բրիտանացիները երկու տարի ապրել են դիակի հետ նույն շենքում
Բրիտանիայի շենքերից մեկում կնոջ դի է հայտնաբերվել: Մեծ Բրիտանիայի քաղաքացին մահացել էր իր բնակարանում երկու տարի առաջ։ Այդ ընթացքում նրա հարեւանները բազմիցս դիմել էին ոստիկանություն եւ կոմունալ ծառայություն, սակայն տհաճ հոտի մասին նրանց բողոքները երկար ժամանակ անտեսվում էին, հայտնում է The Mirror-ը։
Փեքհեմի տարածքում գտնվող եռահարկ տան բնակիչները սկզբում կապվել էին բնակարանային ասոցիացիայի հետ՝ խնդրելով ստուգել հարեւանի բնակարանը 2019 թվականին եւ այնուհետեւ մի քանի անգամ բողոքել էին ուժեղ գարշահոտից: Կասկածներ էր հարուցել նաեւ կնոջ լցված փոստարկղը եւ վարձավճարի ուշացումները։ 2020 թվականին բնակարանի կողքին հգազային սարքավորումների պլանային ստուգման մասին ծանուցում էր հայտնվել. բնակարանի տերը դուռը չէր բացել տեսուչների այցի ժամանակ: Այն մասին, որ բնակարանից ոչ ոք դուրս չի գալիս, վկայում էր նաեւ դրա մուտքը փակած հեծանիվը. տրանսպորտն այնտեղ հայտնվելուց հետո չէր տեղափոխվել։
Իրավապահ մարմինները համարել էին, որ կնոջ բնակարան ներխուժելու հիմքեր չկան։ «Ստուգման համար ժամանած աշխատակիցներն ասում էին, որ շատերը համավարակի ժամանակ լքել են Լոնդոնը, եւ մեր հարեւանը կարող էր նույնը անել»,- պատմել էր բնակիչներից մեկը: Ոստիկանները բնակարանի դուռը բացեցին միայն փետրվարի 18-ին եւ հայտնաբերեցին գրեթե ամբողջությամբ քայքայված դին։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտարարել է, որ կնոջ մահն իր գործընկերներին կասկածելի չի թվացել: