ՀՀ ԱԱԾ-ն տարիներ շարունակ իրականում եղել է ռուսական ՊԱԿ-ի մասնաճյուղը, նրա երևանյան գրասենյակը. Նարինե Մկրտչյան
Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
2007թ. փետրվարին, Մյունխենի Անվտանգության տարեկան համաժողովի ընթացքում, ԱՄՆ պաշտպանության նախկին նախարար Ռոբերտ Գեյթսը, անդրադառնալով ՌԴ նախագահ Վլ. Պուտինի աղմկահարույց, կոշտ, Արևմուտքի հասցեին մեղադրանքներով լի ելույթին, նկատեց. «Հին լրտեսները մի սովորություն ունեն. նրանք անկեղծ են խոսում»:
Այս փաստը հիշեցի, երբ այսօր ԶԼՄ-ներից տեղեկացա, որ ՀՀ ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել, ուր ընդգծում է. «Փետրվարի 21-ին Ռուսաստանը ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացումը` ըստ էության սկիզբ դնելով աշխարհի քաղաքական նոր քարտեզի գծագրմանը: Առավել քան ճիշտ ժամանակն է, որ կատարվածին իր գնահատականը տա նաև Հայաստանի իշխանությունը` ճանաչելով Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անկախացումը»:
ԱԱԾ պահետազորի սպաները, Գեյթսի ակնարկած հին լրտեսների հանգույն, որոշել են անկեղծանալ, իսկ անկեղծության հիմքում մեկն է. պաշտոնավարման ընթացքում նրանք ծառայել են Ռուսաստանի շահերին, Մոսկվային են ծառայում նաև պաշտոնաթողությունից հետո:
ՀՀ ԱԱԾ-ն տարիներ շարունակ իրականում եղել է ռուսական ՊԱԿ-ի մասնաճյուղը, նրա երևանյան գրասենյակը: Նման գործունեության հետևանքով է նաև, որ Հայաստանն անշարժացել-մնացել ռուսական ուղեծրում՝ վերածվելով արբանյակ պետության:
Նախկին կգբշնիկները, հին օրերի հանգույն, շարունակում են առաջ մղել ռուսական շահերն ու օրակարգը: Եվ այժմ նրանք Հայաստանը փորձում են հրել վտանգավոր արկածախնդրության վիհը:
Հրահանգնե՞ր են ստացել, թե՞ սեփական նախաձեռնությամբ են դա անում, կարևոր չէ, կարևորը՝ անմնացորդ կատարեն իրենց պարտքը Մոսկվայի առջև: Իսկ թե Հայաստանն ինչպես է այդ աշխարհաքաղաքական հրդեհում հրո ճարակ դառնալու՝ նրանք դրա մասին չեն մտածում: