Մարիա Կարապետյան. Ղարաբաղի հարցը լուծված չէ
Ղարաբաղի հարցը լուծված չէ։ Հայկական կողմը հարցի լուծման համար կներգրավի տարբեր միջազգային ուժերի։ Այս մասին փետրվարի 22-ին Երեւանում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստում ասաց կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը։ Սա, նրա խոսքով, թույլ կտա տարածաշրջանում ապահովել երկարատեւ խաղաղություն։
Իր ելույթում Հայաստանի ներկայացուցիչը նաեւ անդրադարձավ ռազմագերիների վերադարձի, ինչպես նաեւ Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պահպանման հարցին։ «Միջազգային կազմակերպությունները պետք է տարածաշրջան մտնելու հնարավորություն ունենան։ Դա թույլ կտա ապահովել անհրաժեշտ վերահսկողություն»,- պարզաբանեց Կարապետյանը։
Բացի այդ, Հայաստանը, ըստ նրա, դիտարկում է նաեւ Թուրքիայի հետ սահմանի բացման հնարավորությունը, որը փակվել է պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ։
Հիշեցնենք, որ Երեւանում են գտնվում ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները, եւ դա ուղեկցվում է բողոքի ակցիաներով։