Թուրքիան դատապարտել է Ռուսաստանի գործողությունները եւ կոչ է արել հարգել միջազգային իրավունքը
Թուրքիան հավատարիմ է Ուկրաինայի քաղաքական միասնության եւ տարածքային ամբողջականության պահպանմանը։ Թուրքիան անընդունելի է համարում Ռուսաստանի որոշումը եւ կոչ է անում հարգել միջազգային իրավունքը։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ։
«Ռուսաստանի Դաշնության որոշումը՝ ճանաչել այսպես կոչված Դոնեցկի եւ Լուգանսկի հանրապետությունները, Մինսկի համաձայնագրերի, ինչպես նաեւ Ուկրաինայի քաղաքական միասնության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում է։ Մենք անընդունելի ենք համարում Ռուսաստանի այդ որոշումն ու ժխտում այն»,- ասվում է փաստաթղթում։
Թուրքիայի ԱԳՆ-ն նաեւ նշել է Ուկրաինայի քաղաքական միասնության եւ տարածքային ամբողջականության պահպանման իր հանձնառությունը եւ կոչ է արել բոլոր կողմերին առաջնորդվել ողջախոհությամբ եւ միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքով։