Գերմանացի պատգամավորը՝ Երևանում. Պուտինն ամեն անգամ անհնար է դարձնում ԵՄ-Ռուսաստան շփումները
Եկե՛ք հետադարձ հայացք նետենք և հասկանանք, որ սխալներ է թույլ տվել նաեւ Եվրամիությունը։ Ոչ ոք ապահովագրված չէ սխալներից։ Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, Երեւանում ընթացող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովների նիստի ժամանակ հայտարարեց Եվրոպական ժողովրդական կուսակցության (Գերմանիայի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցություն) պատգամավոր Հելմուտ Գոյկինգը։
Պատգամավորի խոսքով՝ եվրոպացիները ԵՄ-ին անդամակցելը կապել են ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ։ «Կարծում եմ՝ դա ճիշտ չէր։ Նաեւ կարծում եմ, որ պետք է ավելի ակտիվ ներգրավեինք Ռուսաստանին այդ գործընթացներում։ Բայց ժամանակն է հետեւում թողնել ստորադասական խոնարհումը։ Մենք հրթիռներ ունենք Ռումինիայի եւ Լեհաստանի տարածքում։ Հիմա տեսնում եք՝ ինչ է կատարվում։ Իհարկե, հրթիռների տեղակայումն անհրաժեշտություն էր, անհրաժեշտություն էր նաեւ Բալթյան երկրների անդամակցությունը ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին։ Դրանով հնարավոր դարձավ ապահովել այդ երկրների պաշտպանությունն ու անվտանգությունը։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է սկսենք մտածել այլ կերպ, նորովի: Մեզ նոր քաղաքականություն է պետք»,- ասաց Գոյկինգը։
Եվրոպացի պատգամավորի խոսքով՝ մինչ երեկ ինքը հույս ուներ, որ Ուկրաինայում պատերազմը հնարավոր կլինի կանխել։ «Այս պատերազմը կարող է վնաս հասցնել ոչ միայն Եվրոպային։ Այն կարող է շատ արագ տարածվել հարեւան տարածաշրջաններում։ Չէ՞ որ Չինաստանը սպասում է, որ հարձակվի Թայվանի վրա։ Դե, եթե Չինաստանը հարձակվի, ապա Թայվանում արտադրվող կիսահաղորդիչների 90 տոկոսը պարզապես կվերանա: Ավելին, չինացիներն ընդհանուր առմամբ գերիշխում են ողջ գլոբալ տնտեսության վրա։ Ուստի Ռուսաստանին էլ սա ընդհանրապես չի կարող հետաքրքրել։ Դա նրա շահերից չի բխում»,- պարզաբանեց պատգամավորը։
Գոյկինգի խոսքով՝ անհրաժեշտ է պահպանել Ռուսաստանի հետ շփումները, սակայն նախագահ Վլադիմիր Պուտինը դա ամեն անգամ անհնար է դարձնում։ «Հիշե՛ք, որ Ռուսաստանը գոյություն կունենա եւ՛ Պուտինից հետո, եւ՛ առանց Պուտինի։ Դա իսկապես այդպես է: Պետք է տարանջատել ռուս ժողովրդին եւ Վլադիմիր Պուտինին։ Չի կարելի հավասարության նշան դնել Ռուսաստանի ժողովրդի եւ Պուտինի միջեւ։ Բայց Պուտինն է հիմա իշխանության ղեկին, եւ ես անհանգստանում եմ Ուկրաինայի համար: Իսկապես հույս ունեմ, որ մենք կկարողանանք օգնել նրան եւ հետագայում էլ ավելի ներգրավել ներեվրոպական գործընթացներում»,- ասաց պատգամավորը։