Զելենսկի. Ուկրաինայի սահմանները կմնան անփոփոխ
Ուկրաինան կմնա իր միջազգայնորեն ճանաչված սահմաններում՝ չնայած Ռուսաստանի ցանկացած հայտարարության եւ գործողություններին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, տեղեկացնում է «Укринформ»-ը։
«Մենք եւ մեր պետությունը ժամանակ չունենք պատմության երկար դասախոսությունների համար։ Ուստի անցյալի մասին չեմ խոսի։ Ես կխոսեմ իրողությունների եւ ապագայի մասին։ Ուկրաինան կմնա միջազգայնորեն ճանաչված սահմաններում», - ասել է պետության ղեկավարը։
Զելենսկին նաեւ ասել է, որ ուկրաինացիները մնում են հանգիստ եւ ինքնավստահ։
«Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր քաղաքացիներին։ Դուք եւս մեկ անգամ ապացուցեցիք, որ ուկրաինացիները խելացի եւ իմաստուն ժողովուրդ են: Եվ չնայած ամեն ինչին՝ պահում են սառնասրտությունը, հանգիստ եւ հավասարակշռված արձագանքում։ Մենք վաղուց պատրաստ ենք ամեն ինչի, բայց ձեր անքուն գիշերվա պատճառներ չկան»,- ընդգծել է Զելենսկին։