Ադրբեջանը Հայաստանից է պահանջում, սակայն չի ցանկանում կատարել իր խոստումները․ Բայրամովի եւ Կլաարի հանդիպումը
Ադրբեջանը Հայաստանից պահանջում է տեղեկատվություն տրամադրել առաջին պատերազմում 4000 անհայտ կորածների մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հետ հանդիպմանը հայտնել է իր պահանջները։
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է կատարի իր խոստումները։ Նա նշել է Եվրամիության ակտիվ դերը տարածաշրջանում խաղաղապահ ջանքերին աջակցելու գործում, մասնավորապես՝ ԵՄ խորհրդի նախագահի նախաձեռնությամբ անցկացվող բարձր մակարդակի հանդիպումները։ Խոսելով այդ հանդիպումներում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին՝ նա ընդգծել է Հայաստանի տված խոստումների կատարման կարեւորությունը, այդ թվում՝ առաջին պատերազմում անհայտ կորած մոտ 4000 ադրբեջանցիների մասին տեղեկատվության տրամադրումը։ Նա նշել է, որ Ադրբեջանը բարձր է գնահատում ԵՄ աջակցությունը Ադրբեջանի «ազատագրված» տարածքների ականազերծման, ինչպես նաեւ վերականգնողական աշխատանքների իրականացման հարցում։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Կլաարն ընդգծել է ԵՄ-ի պատրաստակամությունը՝ աջակցելու տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ առաջընթացի հասնելու գործընթացին։ Կողմերը կարծիքներ են փոխանակել նաեւ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ նոր համապարփակ համաձայնագրի շուրջ եւ փոխադարձ հետաքրքրություն հայտնել այդ հարցում։
Հիշեցնենք, որ հայկական կողմից առաջին պատերազմի ժամանակ անհայտ կորել է մոտ հազար մարդ։ Օգտագործելով ադրբեջանցի նախարարի բառապաշարը՝ կարելի է հաստատել, որ Ադրբեջանը պետք է կատարի իր խոստումները եւ տեղեկատվություն տրամադրի անհայտ կորածների մասին։ Իրապես խոսքը հումանիտար հարցերում որոնողական աշխատանքների եւ համագործակցության մասին է, որից Ադրբեջանը հրաժարվել է վերջին տասնամյակների ընթացքում։ Միաժամանակ հիշեցնենք, որ Ադրբեջանն ինքն է հրաժարվում կատարել 2020 թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթները, այն է՝ ազատ արձակել գերիներին եւ դադարեցնել ագրեսիվ գործողությունները։