Արգենտինայում բլոգերը մեկ օրում գրեթե 1 մլն դոլարի հանգանակություն է հավաքել հրդեհների դեմ պայքարելու համար
Արգենտինացի բլոգեր Սանտյագո Մարատեան մեկ օրում ավելի քան 104 մլն պեսոյի (980 հազար դոլար) հանգանակություն է հավաքել Կորիենտես նահանգում անտառային հրդեհների դեմ պայքարի համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Todo Noticias – ին։
Մարատեան շաբաթ երեկոյան Twitter-ում հայտարարել է Կորիենտեսում հրշեջների համար հանգանակության մասին: Բլոգերի խոսքով՝ նա ցանկացել է 15 մլն պեսո հավաքել այն սարքավորումները գնելու համար, որոնց մասին խնդրել են Սան Միգել քաղաքի հրշեջները։ Սակայն արդեն առավոտյան նրա հաշվին եղել է 24 միլիոն պեսո։ Կիրակի երեկոյան գումարը հասել է 104 միլիոնի։
«Մենք չորս հրշեջ մեքենա կգնենք։ Նրանցից մեկը կփոխանցենք Սան Միգելի հրշեջներին, մյուսը՝ Լորետոյի, եւս մեկը՝ Բերոն դե Աստրադիայի եւ եւս մեկը՝ Սալադասի», - գրել է Twitter - ում Մարատեան։
Todo Noticias-ի տվյալներով՝ միջոցների մի մասը նաեւ պետք է հատկացվի հրդեհների հետեւանքով տուժած կենդանիների համար այլ սարքավորումների եւ դեղորայքի գնման:
Նախկինում Մարատեան արդեն կարողացել էր հանգանակությունների հաջող հավաքներ անցկացնել։ Անցած տարվա մայիսին նա հավաքել էր 4 միլիոն պեսո, որպեսզի 35 արգենտինացի մարզիկներ եւ նրանց մարզիչները կարողանան մեկնել Էկվադոր՝ մրցումների։ Ավելի վաղ նա նաեւ 2 մլն դոլար էր հավաքել ողնաշարի մկանային ատրոֆիայով երեխայի համար դեղորայք գնելու նպատակով։
Կորիենտես նահանգի հրդեհները, որտեղ գտնվում է աշխարհում ջրաճահճային տարածությամբ երկրորդը համարվող Էսթերոս դել Իբերա արգելոցը, շարունակվում են հունվարի կեսերից: Փետրվարի կեսին կրակից ոչնչացվել է մոտ 800 հազար հա բուսածածկույթ։