Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ուկրաինայի վրա ռուսական հարձակման քարտեզը
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է քարտեզ, որը ցույց է տալիս Ուկրաինա «ներխուժման» ընթացքում ռուսական զորքերի հիմնական հարձակումների ուղղությունները։ Քարտեզը հրապարակվել է պաշտպանական գերատեսչության Twitter-ի պաշտոնական էջում։
«Նախագահ Պուտինի ներխուժման հնարավոր առանցքը» վերնագրված քարտեզը ցույց է տալիս գծապատկեր, որտեղ պատկերված են ռուսական ցամաքային զորքերի հարձակման փուլերը։ Առաջին փուլը ներառում է «ներխուժումը» Կիև և Դնեպր՝ Ղրիմի կողմից Ազովի ափով և Բելառուսի տարածքից մինչև Կիև։ Երկրորդ փուլը նախատեսում է տեղաշարժ Դնեպրից Վիննիցա, ինչպես նաև Ղրիմից դեպի Օդեսա։
«Ռուսաստանը [Ուկրաինայի մոտ] պահպանում է զգալի ռազմական ներկայություն, որի օգնությամբ հնարավոր է անակնկալ ներխուժում իրականացնել», – գրել է բրիտանական գերատեսչությունը մեկնաբանության մեջ։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Թոմաս-Գրինֆիլդը հայտարարել էր Ուկրաինա մոտալուտ «ներխուժման» նշանների մասին։ Նա նաև ասել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հանդես կգա Եվրոպայում լարվածությունը թուլացնելու պլանով։
Փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ը չի հավատում Ուկրաինայի հետ սահմանից ռուսական զորքերի դուրսբերմանը և նոր ներխուժման օր է նշանակել փետրվարի 20-ը։
Ռուսաստանի զինված ուժերի փորձագետ Մայքլ Քոֆմանը նշել է, որ Բելառուսի հետ համատեղ զորավարժությունների ավարտից հետո հենց այդ օրերին ռուսական զորքերի գործողությունները կօգնեն հասկանալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի իրական մտադրությունները։