Իլոն Մասկի Starship հրթիռը շուտով կարձակվի ուղեծիր
Ամերիկացի գյուտարար, ճարտարագետ, ձեռնարկատեր, SpaceX-ի հիմնադիր, Tesla-ի համահիմնադիր Իլոն Մասկը հույս է հայտնել, որ իր նոր հսկա հրթիռային համակարգը երկու ամսից կարող է մեկնարկել տիեզերք։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ Starship անվանումը կրող հրթիռն, ըստ Մասկի, տեխնիկապես գրեթե պատրաստ է։ Բնապահպանական գնահատում անցնելուց հետո միայն այն կարող է թռիչքի թույլտվություն ստանալ ԱՄՆ-ի Դաշնային ավիացիայի վարչության կողմից։
Իլոն Մասկը հրթիռի շնորհանդեսի ժամանակ ասել է, որ վստահ է՝ այն ուղեծիր կմեկնի այս տարի։ Նա նաև ներկայացրել է հրթիռային շարժիչի նախագծման ինժեներական մանրամասները, ինչպես նաև նոր անիմացիա, ըստ որի Starship-ով նախատեսվում է անձնակազմով թռիչք իրականացնել դեպի Մարս:
Ըստ լրատվամիջոցի՝ SpaceX ընկերության՝ գրեթե 120 մ բարձրություն ունեցող հրթիռը երբևէ նախագծված հրթիռային համակարգերից ամենամեծն է։
Առաջին փորձնական թռիչքի ընթացքում Starship-ը 90 րոպե տևողությամբ թռիչք կկատարի երկրագնդի շուրջը, որը կավարտվի Խաղաղ օվկիանոսում՝ Հավայան կղզիների ջրերում «վայրէջքով»:
Հրթիռի առաջին աստիճանը, որը կոչվում է Super Heavy (գերծանր), կընկնի Մեքսիկայի ծոց։ SpaceX-ը, սակայն, ցանկանում է, որ ապագա հրթիռների երկու հատվածներն էլ վերահսկվող վայրէջքներ կատարեն ցամաքային կամ ծովային հարթակներում, որպեսզի դրանք կրկին հնարավոր լինի օգտագործել:
Ըստ Իլոն Մասկի՝ լիովին մշակվելուց հետո Starship համակարգը կկարողանա մարդկանց տանել Լուսին և Մարս. ԱՄՆ տիեզերական գործակալությունը (NASA) արդեն պայմանագիր է կնքել SpaceX-ի հետ, որպեսզի վերջինս տրամադրի Starship-ի այնպիսի տարբերակ, որն արդեն այս տասնամյակի վերջում տիեզերագնացներին կհասցնի լուսնի մակերևույթ։