Մոլորակ, որի վրա կարող է կյանք լինել
Գիտնականները կարծում են, որ տիեզերքում կարող է լինել մոլորակ, որի վրա, հնարավոր է, կյանք գոյություն ունի․ այն գտնվում է մեռնող մի արևի մոտակայքում։ BBC-ի փոխանցմամբ՝ հետազոտությունը հրապարակվել է Թագավորական աստղագիտական հասարակության ամսագրում։
Եթե այս վարկածը հաստատվի, ապա սա կլինի առաջին դեպքը, երբ հայտնաբերվել է մոլորակ, որտեղ կարող է կյանք գոյություն ունենալ։ Այդ մոլորակը պտտվում է «սպիտակ թզուկ» կոչվող աստղի շուրջը:
Մոլորակը հայտնաբերվել է աստղի «բնակելի գոտում», որտեղ ո՛չ շատ ցուրտ է, ո՛չ շատ շոգ՝ կյանքը պահպանելու համար:
Լոնդոնի համալսարանական քոլեջի պրոֆեսոր Ջեյ Ֆարիհին, ով ղեկավարում էր հետազոտությունը, հայտնել է, որ դիտարկումը բոլորովին նոր էր աստղագետների համար:
«Առաջին անգամ է, որ ինչ-որ բան է հայտնաբերվում սպիտակ թզուկի բնակելի գոտում: Հետևաբար, նրա շուրջը պտտվող այլ աշխարհում կյանքի հավանականություն կա», – ասել է նա BBC News-ին:
Եթե շատ մեծ աստղերը մահանալուց հետո վերածվում են սև խոռոչների, ապա մեր Արեգակի նման փոքր աստղերը դառնում են սպիտակ թզուկներ՝ աստղեր, որոնք սպառել են իրենց ամբողջ միջուկային վառելիքը և կորցրել իրենց արտաքին շերտերը: Դրանք սովորաբար մոլորակի չափի են և առաջին անգամ ձևավորվելիս արձակում են կապտասպիտակ լույս:
Ենթադրվում է, որ հնարավոր մոլորակը, որը գտնվում է Երկրից 117 լուսային տարի հեռավորության վրա, 60 անգամ ավելի մոտ է աստղին, քան մեր մոլորակը՝ Արեգակին:
Հետազոտող թիմը մոլորակի գոյության մասին ուղղակի ապացույցներ չունի, սակայն սպիտակ թզուկի բնակելի գոտու շուրջը պտտվող 65 լուսնի չափ կառուցվածքների շարժումները հուշում են, որ այն այնտեղ է: Կառուցվածքների հեռավորությունը միմյանց նկատմամբ չի փոխվում, ինչը ենթադրում է, որ դրանք գտնվում են մոտակայքում գտնվող մոլորակի ձգողության ազդեցության տակ: