Մալայզիայի կանանց հարցերով փոխնախարարը խորհուրդ է տվել ամուսիններին ծեծել «համառ» և «չարաճճի» կանանց
Սկանդալի կենտրոնում է հայտնվել Մալայզիայի կանանց հարցերով փոխնախարար Սիտի Զաիլա Մոհդ Յուսոֆը։ Քաղաքական գործչին մեղադրել են ընտանեկան բռնությունը նորմալիզացնելու մեջ, քանի որ նա բառացիորեն խորհուրդ է տվել ամուսիններին ծեծել անհնազանդ կանանց։ Այս մասին հաղորդում է Spletnik.ru-ն:
Յուսոֆը Instagram-ում հրապարակել է «Խորհուրդներ մայրերին» 2 րոպեանոց տեսանյութ, որում նա տղամարդկանց խորհուրդ է տալիս նախ խոսել իրենց կականց հետ, իսկ եթե արդյունք չտա, խուսափել նրանց հետ մտերմությունից և երեք օր քնել առանձին սենյակներում։ Եթե դա չօգնի, փոխնախարարն առաջարկում է ավելի խիստ միջոցներ կիրառել.
«Ամուսինը կարող է փորձել ֆիզիկական հպման մեթոդը՝ նրբորեն հարվածելով նրան: Նա ցույց կտա իր խստությունը և կապացուցի, որ իսկապես ցանկանում է, որ նա փոխվի»,- ասել է նա։
Եվ սա Յուսոֆի միակ սկանդալային հայտարարությունը չէ: Նա նաև խորհուրդ է տվել կանանց խոսել իրենց ամուսինների հետ միայն նախնական թույլտվությամբ:
Մալայզիայում կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները ոչ միայն քննադատել են փոխնախարարի խոսքերը, այլև պահանջել են նրա հրաժարականը։ Նրանք նշել են, որ 2020-2021 թվականներին երկրի ոստիկանությունը գրանցել է ընտանեկան բռնության ավելի քան ինը հազար դեպք։ Իսկ դրանք կոպտորեն թերագնահատված թվեր են, քանի որ շատ կանայք օգնություն են խնդրում ոչ թե ոստիկանությունից, այլ բարեգործական կազմակերպություններից։