ՀԱՊԿ-ը կարող է խաղաղապահներ ուղարկել Դոնբաս՝ Ուկրաինայի համաձայնությամբ և ՄԱԿ-ի մանդատով․ Զաս
Դոնբասի հակամարտության գոտում ՀԱՊԿ խաղաղապահների տեղակայումը հնարավոր կլիներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցներով և Կիևի համաձայնությամբ։ Այս մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը Reuters գործակալությանը տված հարցազրույցում։
«Տեսականորեն դա հնարավոր է, բայց դրա համար անհրաժեշտ է Ուկրաինայի համաձայնությունը։ Ի վերջո դա նրա տարածքն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մանդատը, ինչպես նաև անհրաժեշտ է, որ այդ որոշումը պաշտպանվի մեր բոլոր կառավարությունների կողմից»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հավելել է, որ ներուկրաինական հակամարտությունը կարող է կարգավորվել միայն դիվանագիտական ճանապարհով, սակայն այժմ իրավիճակը զարգանում է վտանգավոր ուղղությամբ:
«Ես չեմ հավատում, որ իրավիճակն այժմ կարող է վերադառնալ այն վիճակին, երբ տանկերը մնում էին իրենց բազաներում, իսկ զինվորները գտնվում էին զորանոցներում։ Հիմա պետք է գիտակցել բանակցությունների սեղանի շուրջ նստելու և համաձայնության գալու անհրաժեշտությունը։ Սա է նոր իրականությունը»,- ասել է Զասը։
Ուրբաթ օրը Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունների ղեկավարներ Լեոնիդ Պասեչնիկը և Դենիս Պուշիլինը հայտարարել են հանրապետությունների բնակիչներին Ռուսաստանի տարածք, մասնավորապես Ռոստովի մարզ տարհանելու մասին ՝ կապված մարտական գործողությունների աճող սպառնալիքի հետ: Ավելի ուշ ՌԴ-ի ևս մի քանի շրջաններ հայտնել են Դոնբասից մարդկանց ընդունելու և տեղավորելու պատրաստակամության մասին: