«Մեծ յոթնյակի» արտգործնախարարները համերաշխություն են հայտնել Ուկրաինային
«Մեծ յոթնյակի» (G7) մասնակից երկրները համերաշխ են Ուկրաինայի հետ և պայմանավորվել են շարունակել շփումներն այդ խնդրի վերաբերյալ։ Այդ մասին Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած G7-ի երկրների ներկայացուցիչների հանդիպումից հետո հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Աննալենա Բերբոքը։
«Մենք այսօր հանդիպել ենք, որպեսզի համերաշխություն հայտնենք Ուկրաինային: Մենք լուրջ ճգնաժամ ենք տեսնում անվտանգության հարցերում: Մենք՝ G7-ի ներկայացուցիչներս, Ուկրաինայի կողքին ենք»,- ասել է Բերբոքը:
Նրա խոսքով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները։ «Պատրաստ ենք տարբեր սցենարների: Եվրոպայում պատերազմի սանձազերծումը դրանցից ամենավատը կլինի, և մենք ամեն ինչ անում ենք՝ դրանից խուսափելու համար»,- հավելել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
Բերբոքը հաստատել է, որ G7-ի արտգործնախարարների նիստին հրավիրվել է նաև Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրո Կուլեբան: