Գիտնականները ցրել են Պալաուի կանաչ բուրգերի մասին առասպելը
Բանավոր ավանդույթի համաձայն՝ հսկայական օձն իր մարմնով պարուրել էր Պալաու կղզու բլուրները եւ մարմնով հողին սեղմել սանդղավանդները։ Գիտնականների միջազգային խումբը բուրգերի անսովոր ձեւի համար խելամիտ բացատրություն է գտել։ Պարզվել է, որ արտասովոր սանդղավանդները ձեռակերտ են եւ ստեղծվել են տեղի բնակիչների սերունդների կողմից։ Եվ օգտագործվել են բանջարեղեններ ու մրգեր աճեցնելու համար, ինչպես նաեւ՝ որպես թաղատեղիներ, տեղեկացնում է Planet Today-ը՝ հղում կատարելով Archaeology News Network պորտալին։
Օվկիանիայում լայնորեն տարածված են մինչպատմական ժամանակների հուշակոթողներ, այդ թվում՝ հայտնի քարե արձանները Զատկի կղզում։ Օվկիանիայի վաղ մշակույթում հաճախ էապես փոխել են կղզիների լանդշաֆթը։ Մ.թ.ա. մոտ 500թ. նման գործընթացներ կարող էին սկսվել Պալաուում։
«Հողե սանդղավանդների ստեղծման ջանքերը համեմատելի են Եգիպտոսի կամ Հարավային Ամերիկայի բուրգերի կառուցման հետ։ Բազմաթիվ սերունդներ միլինավոր տոննա հող են տեղափոխել դրանք կառուցելու համար։ Այն դեպքում, երբ շինարարական գործիքներ չունեին։ Իսկ եթե ունեցել էլ են, ապա դրանք քարից են եղել, ոսկորից կամ փայտից»,- ասել է նախագծի երեք ղեկավարներից մեկը՝ դոկտոր Անդրեաս Միթը։
Օգտագործելով երկրաբանահնագիտական մեթոդներ՝ ընդերքի մասնագետների, պալեոէկոլոգների եւ հնագետների խումբը կռահել է սանդղավանդների կառուցման գաղտնիքը։ Որպես հիմք շինարարներն օգտագործել են հրաբխային խեցու մեծ քանակություն։ Իսկ վերին շերտերը կազմված են եղել հումուսից։ Հումուսի շերտերում բույսերի տնկման խորշերից կարելի է ենթադրել, որ սանդղավանդներում զարգացած է եղել այգեգործությունը։
«Տեխնիկական տեսակետից աշխատանքը կատարվել է շատ որակյալ»,- ասել է նախագծի համաղեկավար, պրոֆեսոր Հանս-Ռուդոլֆ Բորքը։