Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 136-ի
Բրազիլական Պետրոպոլիսում (Ռիո դե Ժանեյրոյի նահանգի լեռնային շրջաններ) սողանքների եւ հեղեղումների զոհերի թիվը հասել է 136-ի, նրանցից 22-ը անչափահաս է։ Այս մասին ուրբաթ տեղեկացրել է Globo հեռուստաալիքը՝ հղում կատարելով փրկարարական ծառայություններին։ Ավելի վաղ տեղեկացվել էր 120 զոհի մասին, փոխանցել է ՏԱՍՍ-ը։
Ներկա պահին փրկարարներին հաջողվել է փլուզումների տակից դուրս բերել 24 ողջ մնացածի, ոստիկանություն են դիմել 216 անհայտ կորածի մասին, բայց իրավապահներն առայժմ չգիտեն՝ նրանք փրկվածների՞, թե՞ զոհերի մեջ են։ Որոնողական աշխատանքներին մասնակցում են 500 փրկարար, 200 ոստիկան, ինչպես նաեւ զինվորականներ ու կամավորականներ։ Նահանգապետ Կլաուդիու Կաստրուն երեքշաբթի օրվանից քաղաքում է եւ համակարգում է արտակարգ դրության հետեւանքների վերացման միջգերատեսչական ջանքերը։ «Սա ամենաուժեղ անձրեւն էր [քաղաքում] 1932թ.-ից սկսած»,- ասել է նա մամուլի ներկայացուցիչներին։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները տեղեկություն են ստացել մոտ 190 սողանքի եւ 230 փոքր միջադեպերի մասին, 80 բնակելի շինություն վնասվել է, դրանցից մոտ 54-ը վերականգնման ենթակա չէ։ Քաղաքի (որտեղ երեքշաբթի վեց ժամվա ընթացքում 260 միլիմետր տեղումներ են գրանցվել, ինչն ամսական նորմից ավելի է) իշխանությունները սուգ են հայտարարել եւ արտակարգ դրություն մտցրել։ Շրջանում անձևեւային եղանակը շարունակվում է։