Մակրոնը կիրակի օրը հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է կիրակի օրը հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին շաբաթ օրը տեղեկացրել է Agence France-Presse գործակալությունը՝ հղում կատարելով Ելիսեյան պալատին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հաղորդագրությունում նշվում է, որ զրույցից մեկ օր առաջ՝ շաբաթ օրը, Մակրոնը հեռախոսազրույց կունենա Ուկրաիանայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
«Մեր պարտականությունն է խուսափել վատագույնից»,- Ֆրանսիայի նախագահի աշխատակազմի հայտարարությունը մեջբերում է գործակալությունը։ Ելիսեյան պալատում նշել են, որ ներկա պահին պահպանվում է «Ուկրաինայի դեմ գրոհից» խուսափելու հնարավորությունը։
Մակրոնի աշխատակազմում ընդգծել են, որ «պետք է օգտագործել բոլոր հնարավորությունները՝ խուսափելու համար առճակատումից, որն ապակայունացնում է իրավիճակը եվրոպական մայրցամաքի անվտանգության ոլորտում»։ Ինչպես նշել են Ելիսեյան պալատում, հետագա լարվածությունը կարող է հանգեցնել այն բանին, որ մայրցամաքում ստեղծվի «այլ աշխարհառազմավարական դասավորություն»։