Բերդիմուհամեդովը պարգեւատրվել է «Թուրքմենստանի հմուտ դիվանագետ» նշանով
Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը պարգեւատրվել է «Թուրքմենստանի հմուտ դիվանագետ» նշանով, շաբաթ օրը տեղեկացրել է կառավարության ռուսալեզու «Нейтральный Туркменистан» թերթը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Որոշումը կայացրել է Մեջլիսը՝ Թուրքմենստանի խորհրդարանի ստորին պալատը։ Փաստաթղթի համաձայն՝ նախագահը, որը զբաղեցնում է նաեւ Հալք Մասլահաթիի (խորհրդարանի վերին պալատի) նախագահի պաշտոնը, պարգեւատրվել է Թուրքմենստանի անկախության եւ չեզոքության ամրապնդման, խաղաղասեր արտաքին քաղաքականության, պետական շահերի պաշտպանության գործում ունեցած վաստակի համար եւ երկրի Դիվանագիտական աշխատողների օրվա պատվին (նշվում է փետրվարի 18-ին)։
Մեկ շաբաթ առաջ Թուրքմենստանի նախագահը հայտարարել էր, որ կողմնակից է այն կարծիքին, որ պետական կառավարման գործում ճանապարհ բացվի երիտասարդ ղեկավարների համար։ Նա հայտարարել էր, որ մտադիր է «օգտագործել իր կենսական եւ քաղաքական փորձը Հալք Մասլահաթիի նախագահի պաշտոնում»։
Հաջորդ օրը Թուրքմենստանում հայտարարվել է, որ մարտի 12-ին նշանակվելու են նախագահի արտահերթ ընտրություններ։ Այժմ գրանցվում են թեկնածուները, եւ առաջինը գրանցվել է պետության ղեկավարի որդին՝ փոխվարչապետ Սերդար Բերդիմուհամեդովը։