Սթոլտենբերգը հայտարարել է «սառը պատերազմից հետո Եվրոպայում զորքերի ամենամեծ կենտրոնացման» մասին
ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլտենբերգն անհանգստություն է հայտնել Ռուսաստանի եւ Ուկրաինայի սահմանին տիրող ներկայիս իրավիճակի առնչությամբ, նա հայտարարել է, որ ներկայում Եվրոպայում տեղի է ունենում «զորքերի ամենամեծ կենտրոնացումը սառը պատերազմի ավարտից հետո», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք գործ ունենք եվրոպական անվտանգության առումով շատ բարդ իրավիճակի հետ։ Դա կապված է Ուկրաինայի հետ սահմանին զորքերի տեղակայման, ինչպես նաեւ ագրեսիվ հռետորաբանության հետ»,- ուրբաթ երեկոյան ZDF հեռուստաալիքի հարցազրույցում նշել է Սթոլտենբերգը։ Նա ընդգծել է, որ խախտվել են եվրոպական անվտանգության հիմնական սկզբունքները։ «Չի կարող որեւէ կասկած լինել այն հարցում, որ մենք այժմ տեսնում ենք զինված ուժերի ամենամեծ կենտրոնացումը Եվրոպայում սառը պատերազմի ավարտի ժամանակներից ի վեր»,- հավաստիացրել է ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը՝ պնդելով, որ դրանք «շատ ավելին են, քան զորավարժությունները»։
Նա նաեւ ասել է, որ ընթացիկ պահին Ուկրաինայի շուրջ իրավիճակի լիցքաթափման որեւէ նշան չի երեւում, ընդհակառակը, տեղի է ունենում ռուսական զինվորականների թվաքանակի ավելացում։ Այսպիսի իրավիճակում, Սթոլտենբերգի կարծիքով, «Ռուսաստանն, անշուշտ, ի վիճակի է հարձակվել առանց որեւէ նախազգուշացման»։ «Նրանք կարող են գրոհն սկսել ցանկացած պահի եւ առանց նախազգուշացման։ Սա՝ հաստատ, սա մենք գիտենք»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը։
Այնուամենայնիվ, նա նորից նշել է ճգնաժամի լուծման դիվանագիտական բոլոր միջոցների օգտագործման մասին, ինչպես նաեւ Ռուսաստանին կոչ է արել դիմել Ուկրաինայի հետ սահմանին լարվածության թուլացմանն ուղղված կոնկրետ գործողությունների։