Բայդենը փետրվարի 24-ին հեռավար հանդիպում կունենա Յոթի խմբի ղեկավարների հետ Ուկրաինայի վերաբերյալ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փետրվարի 24-ին հեռավար հանդիպում-համաժողով կանցկացնի Յոթի խմբի (G7) ղեկավարների հետ՝ քննարկելու համար իրավիճակն Ուկրաինայի շուրջ եւ Ռուսաստանին վերաբերող հարցերը։ Այս մասին ուրբաթ լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսաքին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Հինգշաբթի նախագահը հեռավար հանդիպում կունենա G7-ի երկրների ղեկավարների հետ՝ քննարկելու համար Ռուսաստանին եւ Ուկրաինային վերաբերող ընթացիկ իրավիճակը եւ Յոթի խմբում այս տարի Գերմանիայի նախագահության գերակա հարցերը»,- ասել է նա։
Փսաքին հավաստիացրել է, որ առաջիկա հանգստյան օրերին Բայդենը կմնա Վաշինգտոնում։ «Նա, իհարկե, ուշադիր կհետեւի Ուկրաինայում իրադարձությունների զարգացմանը <...>»,- պարզաբանել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը։ «Հաջորդ շաբաթվա ընթացքում նա կշարունակի սերտորեն համագործակցել մեր դաշնակիցների եւ գործընկերների հետ Ուկրաինա Ռուսաստանի հետագա հնարավոր ներխուժման հետ կապված»,- ավելացրել է Փսաքին։