ԱԻՆ-նում ներկայացվել է ԵՄ անդամ երկրների կամավորության փորձը
Արտակարգ իրավիճակների նախարարությունում անցկացվել է ԵՄ անդամ երկրների կամավորության լավագույն փորձի ներկայացման սեմինար՝ «Բնակչության պաշտպանության ուժեղացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակներում:
ԱԻՆ-ից հայտնում են, որ միջոցառումը հիբրիդային ձևաչափով էր. շահառու կողմի մասնակիցներն ու բանախոսների հիմնական մասը մասնակցել է առկա, իսկ ԵՄ փորձագետներն՝ առցանց։
Սեմինարը կազմակերպել և վարել են ԵՄ փորձագետներ Սեսիլիա Ուներամը և Էրիկ Էգարդը: Շվեդիան ներկայացրել են այդ երկրի կամավոր հրշեջ բրիգադների ասոցիացիայի նախագահ Պեր Վիկբերգը, Վեստրա Սյորմլանդ փրկարարական ծառայությունից Հենրիկ Իֆվարսոնը, Սյոդերտոնի հրշեջ բրիգադից Լեյֆ Յոնսոնը, Մեդելփադի փրկարար ծառայությունից Կարլ Աքսելսոնը: Հայկական կողմից սեմինարին մասնակցել են ոլորտի գրեթե բոլոր հիմնական դերակատարներն, այդ թվում ծրագրի գլխավոր գործընկեր ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի տեղալները՝ Հովհաննես Եմիշյանը և Տիգրան Պետրոսյանը, նաև Փրկարարական ուժերի վարչության տետի տեղակալ Բագրատ Վարդազարյանը: Սեմինարի ավարտին քննարկվել է Հայաստանում շվեդական գաղափարների իրականացման հնարավորությունը:
Սեմինարի նպատակն էր ներկայացնել ԵՄ կամավորության լավագույն օրինակները և բնակչության պաշտպանության և փրկարար ծառայության ոլորտում ԵՄ անդամ երկրների փորձը։
Ըստ «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Եզերեցի՝ նման հանդիպումները կարևոր են ոչ միայն Հայաստանի, այլև ցանկացած երկրի համար:
«Ժամանակակից աշխարհում ոչ մի պետություն կամ համակարգ գոյություն չունի առանձին, մենք բոլորս փոխազդում ենք միմյանց հետ: Փորձի և գիտելիքների փոխանակումը բոլոր ոլորտներում, ներառյալ կամավորությունը, օգնում է ձեռք բերել նոր գաղափարներ, թե ինչպես կարելի է ավելի արդյունավետ կազմակերպել աշխատանքը, թույլ է տալիս խնդրին նայել նոր տեսանկյունից, ինչպես նաև գտնել դրանց լուծման արդյունավետ եղանակներ և յուրաքանչյուր երկիր ինտեգրել միջազգային հանրությանը»,- «Թվինինգ» ծրագրի մշտական խորհրդատու Անաստասիա Եզերեցը:
Ծրագրի մշտական խորհրդատուն նաև հայտնել է, որ տեղի ունեցած սեմինարն իր տեսակի մեջ առաջին միջոցառումը չէ, որն անցկացվում է Թվինինգի շրջանակներում:
«Մենք կկազմակերպենք այլ սեմինարներ ևս, որտեղ կկիսվենք բնակչության պաշտպանության ոլորտում ԵՄ-ի փորձով»,- տեղեկացրել է Ա. Եզերեցը:
«Կամավորների վերապատրաստում, կամավորների մոբիլիզացում արտակարգ իրավիճակների դեպքում (սոցիալական ցանցերի և բջջային հավելվածների միջոցով), կամավորներին տրամադրվող սոցիալական փաթեթ/ապահովագրություն և այլն. այս բոլոր կետերը Շվեդիայի փորձից են: Շատ այլ կետեր են ուսումնասիրվել սեմինարի ընթացքում»,-նշել է Ա. Եզերեցը:
Նա հույս ունի, որ կամավորության թեմայով սեմինարի արդյունքում Հայաստանի մեր գործընկերները նոր գաղափարներ են բացահայտել գործընթացներն ավելի արդյունավետ կազմակերպելու առումով: