Reuters-ը ներկայացրել է ԳՀՀԾ-ի վերականգնման հարցով իրանա-ամերիկյան համաձայնագրի մանրամասները
Reuters-ը ներկայացրել է ԳՀՀԾ-ի վերականգնման հարցով 2015թ․ իրանա-ամերիկյան համաձայնագրի մանրամասները, նշել փոխադարձ քայլերի փուլեր, որոնք նպատակ ունեն կողմերին վերադարձնել պարտավորությունների կատարմանը։
Իրանի, Ռուսաստանի, Չինաստանի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Եվրամիության եւ Միացյալ Նահանգների բանագնացները դեռեւս քննարկում են համաձայնագրի նախագծի մանրամասները՝ Արեւմուտքի այն զգուշացումների ֆոնին, որ ժամանակը սպառվում է: Պատվիրակները նշում են, որ տեքստի մեծ մասը համաձայնեցված է, բայց կան որոշ սուր հարցեր։
Ընդհանուր նպատակը Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման սկզբնական գործարքին վերադառնալն է, ներառյալ այն պատժամիջոցները, որոնք նվազեցրել են նրա նավթի վաճառքը՝ միջուկային գործունեությունը սահմանափակելու դիմաց:
Իրանը պնդում է, որ իր նպատակները բացառապես խաղաղ են եւ ցանկանում է յուրացնել միջուկային տեխնոլոգիաներ՝ քաղաքացիական նպատակով օգտագործման համար: Սակայն արեւմտյան տերությունները կարծում են, որ ոչ մի պետություն ուրանն այդքան բարձր մակարդակով չի հարստացրել առանց միջուկային զենք ստեղծելու, եւ Իրանի հաջողությունները գործարքից ԱՄՆ-ի դուրս գալուց հետո նշանակում են, որ 2015թ․ համաձայնագիրը շուտով ամբողջությամբ կտապալվի։
Համաձայնագրի տեքստի նախագիծը, որը բաղկացած է ավելի քան 20 էջից, նախատեսում է քայլերի հաջորդականություն, որոնք պետք է իրականացվեն գործարքի հաստատվելուց հետո` սկսած փուլից, որը ներառում է Իրանի կողմից ավելի քան 5 տոկոս ուրանի հարստացման դադարեցում, հայտնել են բանակցությունների ընթացքին ծանոթ դիվանագետները։
Տեքստում նշվում են նաեւ այլ միջոցներ, որոնք, ըստ դիվանագետների, ներառում են ԱՄՆ պատժամիջոցների պատճառով հարավկորեական բանկերում փակված մոտ 7 միլիարդ դոլարի իրանական միջոցների ապասառեցում, ինչպես նաեւ Իրանում պահվող արեւմտյան բանտարկյալների ազատում:
Միայն դրանից հետո կսկսվի պատժամիջոցների չեղարկման հիմնական փուլը։
Դիվանագետների խոսքով՝ Իրանը կվերադառնա միջուկային հիմնական սահմանափակումներին, ինչպիսին է ուրանի 3,67 տոկոս հարստացման սահմանաչափը։
Ինչպես սկզբնական համաձայնագիրը, որը պաշտոնապես կոչվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր, նոր համաձայնագիրը ենթադրում է ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների մասնակի վերացում։
«Ինչ վերաբերում է նավթի արտահանմանը, համաձայնագրին համապատասխան ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման եւ Դոնալդ Թրամփը բացառություններ են արել 90-120 օրով եւ անընդհատ երկարաձգել են դրանք այնքան ժամանակ, մինչեւ Թրամփը դուրս եկավ պակտից։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ բացառությունները կվերականգնվեն»,- ասել է դիվանագետը։
10 ամիս առաջ սկսված բանակցություններում ներգրավված դիվանագետները հայտարարել են, որ դեռ պարզ չէ՝ արդյոք համաձայնագիր կկնքվի։ Նրանք վկայակոչել են այն սկզբունքը, որ ոչինչ համաձայնեցված չէ, քանի դեռ ամեն ինչ համաձայնեցված չէ:
Չլուծված հարցերը ներառում են Իրանի պահանջը, որ ԱՄՆ-ն երաշխավորի, որ այլեւս դուրս չի գա գործարքից: Արեւմտյան պաշտոնյաներն ասում են, որ անհնար է երկաթե երաշխիք տալ:
Այնուամենայնիվ, մերձավորարեւելյան մի դիվանագետ եւ իրանցի պաշտոնյա նշել են, որ Թեհրանը պատրաստ է ընդունել այն առաջարկը, որ ԱՄՆ-ի կողմից պայմանագրի խախտման դեպքում Իրանին կրկին թույլ կտա ուրանը հարստացնել մինչեւ 60 տոկոս։