Հերթական հայկական ընկերությունն է «գրավում» արտերկրի շուկաները. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է. «Առկա միտումները ցույց են տալիս, որ աշխարհը փնտրում է էներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Այդ ճանապարհին բազմաթիվ երկրներ լուրջ ցուցանիշներ են արձանագրում մասնավորաբար արևային կայաններ տեղադրելու հարցում: Թվում է՝ Հայաստանում, ուր, ինչպես ասում են, տարին տասներկու ամիս գրեթե արևի պակաս չկա, պետք է որ բավականին մեծ քանակով արևային կայաններ տեղադրվեին, առավել ևս, որ նախ՝ մեր երկիրը կորցրել է էներգիայի ստացման բավականին աղբյուրներ, երկրորդ՝ էլեկտրաէներգիայի սակագինը նորից բարձրացել է:
Սակայն, ըստ վիճակագրության և մասնագետների գնահատականների, առկա վիճակը շատ հեռու է բավարար լինելուց: «Փաստը» փորձեց ուսումնասիրել շուկան, և պարզվեց, որ Հայաստանում գործում է արևային վահանակներ արտադրող միայն մեկ ընկերություն: Խոսքը «Սոլարոնի» մասին է: Տարբեր մասնագետների հետ զրույցներից պարզվեց, որ այս ընկերությունը թեպետ միակն է, բայց կարողանում է մեր պահանջարկը բավարարել, եթե նույնիսկ այդ պահանջարկը էլ ավելի մեծանա, միևնույն ժամանակ արտերկրյա շուկաներն է գրավում, մասնավորաբար, հայկական արտադրանքն արտահանելով Նիդերլանդներ, Սիրիա, Լիբանան, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան ևայլն:
Սա նշանակում է, որ հայաստանյան արտադրողը միջազգային շուկայում բավական մրցունակ է, իսկի արտադրանքը, որը իտալական տեխնոլոգիայով է իրականացվում, բացարձակ չի զիջում աշխարհում հայտնի «բրենդներին»: Մենք նաև տեղեկություններ ստացանք, որ Հայաստանում գնալով մեծանում է արևային պանելների պահանջարկը առայժմ առավելապես կազմակերպությունների շրջանում, թեպետ անհատ օգտագործողների համար էլ այն բավական շահավետ է, քանի որ դրանք էապես նվազեցնում են էլէներգիայի ծախսը, ծառայում են ավելի քան 25 տարի, իսկ ներդրումների վերադարձն ապահովում են 4-5 տարում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: