Կրեմլում քնում են «հանգիստ, բայց՝ զգոն»
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ եւ՛ ինքը, եւ՛ Պուտինը գիշերները հանգիստ քնում են՝ չնայած քաղաքական լարվածության աճին։ Այս կերպ նա պատասխանել է լրագրողների հարցին, թե ինչպես են երկրի ղեկավարին տեղեկացնում Ուկրաինայի հարավ-արեւելքում տիրող իրավիճակի մասին, եւ արդյոք կա ալիք, որը թույլ է տալիս Պուտինին շուրջօրյա հետեւել իրադարձություններին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մենք ալիքներ չունենք դա ավելի լավ տեսնելու համար: Իհարկե, Ռուսաստանի Դաշնության նախագահն ունի տեղեկատվության բազմաթիվ աղբյուրներ, որոնք թույլ են տալիս նրան իրական պատկերացում կազմել իրավիճակի մասին»,- ասել է Պեսկովը: Նա պարզաբանել է, որ երկրի ղեկավարը համապատասխան ծառայություններից ժամանակին համապատասխան զեկույցներ է ստանում։
Պատասխանելով հարցին, թե ինչպես են պատրաստվում գիշերային ռեպորտաժները, եւ արդյոք նախագահն ընդհանրապես քնում է, Կրեմլի խոսնակը վստահեցրել է, որ ՌԴ նախագահը հանգիստ քնում է։ Ինչ վերաբերում է իրեն, Պեսկովի խոսքով, ինքը քնում է «ոչ պակաս հանգիստ, բայց՝ զգոն»։
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, այն, ինչ տեղի է ունենում Դոնբասում շփման գծում, «շատ մտահոգիչ է եւ պոտենցիալ շատ վտանգավոր»։