ԱՄՆ Սենատը հավանություն է տվել Ուկրաինայի վերաբերյալ խորհրդանշական բանաձեւին
ԱՄՆ Սենատը հավանություն է տվել խորհրդանշական բանաձեւին, որը կոչ է անում նախագահ Ջո Բայդենին «էական միջոցներ կիրառել» Ռուսաստանի դեմ, եթե վերջինս մոտ օրերս ներխուժի Ուկրաինա, գրում է Politico-ն։
Քվեարկությունը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ սենատոր Ռենդ Փոլը սպառնացել է արգելափակել այն, եթե դրա հեղինակները՝ սենատորներ Ջին Շահինը եւ Ռոբ Փորթմանը, չհամաձայնեն փոփոխել այն:
«Մենք կարծում ենք, որ դրանում պետք է ասվի. «Այս բանաձեւում ոչինչ չպետք է մեկնաբանվի որպես պատերազմի գնալու թույլտվություն», եւ «այս բանաձեւում ոչինչ չպետք է որպես Ուկրաինա զորքեր մտցնելու թույլտվություն մեկնաբանվի»,- ասել է Փոլը լրագրողներին:
Բանաձեւն ինքնին պարտադիր բնույթ չի կրում եւ չի հիշատակում պատերազմի թույլտվության կամ ամերիկյան զորքերի տեղակայման մասին: Չմիջամտելու կողմնակից Փոլը կողմ է ավելի զուսպ մոտեցմանը ռուս-ուկրաինական ճգնաժամին եւ ձգտում է սահմանափակել ԱՄՆ-ի ներգրավվածությունը Ռուսաստանի մասնակցությամբ ցանկացած ռազմական զորավարժություններին:
Սենատորներն ի վերջո համաձայնության եկան՝ թույլ տալով, որ բանաձեւը միաձայն ընդունվի՝ մինչ Սենատը կսկսի իր մեկշաբաթյա ընդմիջումը: Առաջարկը, որը ներկայացրել են երկու կողմերի կես տասնյակ բարձրաստիճան անդամները, արվել է այն բանից հետո, երբ բանակցողների մի մեծ խումբ չի կարողացել համաձայնության գալ համապարփակ օրինագծի շուրջ, որը կուժեղացնի Ուկրաինայի պաշտպանությունը եւ պատժամիջոցներ կսահմանի Ռուսաստանի դեմ՝ ներխուժման դեպքում:
Ի թիվս այլ դրույթների, բանաձեւը «դատապարտում է Ռուսաստանի կողմից ավելի քան 150.000 զինծառայողների կուտակումն Ուկրաինայի հետ սահմանին, այդ թվում՝ Բելառուսում»՝ դատապարտելով նախագահ Վլադիմիր Պուտինի կառավարությունը՝ որպես «սպառնալիք ՆԱՏՕ-ի դաշնակիցների սահմանների անվտանգությանը՝ ի հեճուկս սահմանված միջազգային նորմերին»: