Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդա. Գերմանացի զինվորները լիազորված են կռվել մեր երկրի պաշտպանության համար
Գերմանական բանակի՝ 130 զինվորներից եւ 60 ավտոմեքենաներից բաղկացած շարասյունը ժամանել է Լիտվա՝ տեղ հասցնելով ՆԱՏՕ-ի գլխավորած մարտական խմբի համար նախատեսված օգնության ուժերի գրեթե կեսը՝ Ուկրաինա ռուսական ներխուժման մտավախությունների ֆոնին, հայտնում է Reuters-ը։
Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան հայտարարել է, որ Բրյուսելում Գերմանիայի կանցլեր Ուլոֆ Շոլցն իրեն վստահեցրել է, որ գերմանացի զինվորները լիազորված են կռվել հանուն Լիտվայի պաշտպանության։ «Գերմանական բանակը գտնվում է մեր տարածքում՝ մեզ պաշտպանելու համար, եւ եթե Լիտվային վտանգ սպառնա, նրանք իսկապես պատրաստ են կատարել իրենց պարտքը», - ասել է Նաուսեդան:
Օգնության ուժերի գերմանական օպերացիան կտեւի մինչեւ շաբաթվա վերջ՝ Լիտվայում գերմանական ուժերը համալրելով ավելի քան 350 զինվորով եւ 100 ավտոմեքենայով, ասել է Ընդլայնված առաջատար ներկայության մարտական թիմի հրամանատար Դանիել Անդրեն։
«Դաշնակիցների ռազմական ներկայությունը Լիտվայում վճռորոշ զսպիչ գործոն է (Ռուսաստանի համար)»,- հայտարարել է Լիտվայի պաշտպանության փոխնախարար Մարգիրիս Աբուկյավիչյուսը։
Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուսաուսկասը հայտարարել է, որ Նորվեգիան եւս առաջիկա երեք ամիսների ընթացքում 50-60 զինվորով կավելացնի իր մասնակցությունը Գերմանիայի գլխավորած մարտական խմբում՝ այնտեղ ՆԱՏՕ-ի ընդհանուր ուժերը հասցնելով 1610-ի:
Մեծ Բրիտանիան հայտարարել է, որ կկրկնապատկի իր ուժերը հարեւան Էստոնիայում, որտեղ այն գլխավորում է ՆԱՏՕ-ի համանման մարտական խումբը: