Քուվեյթի բանակը կանանց թույլ է տալիս մարտական դերեր կատարել, բայց առանց զենքի
Քուվեյթի կանայք վրդովված են, որ կին զինծառայողներին բանակում մարտական ծառայություն թույլ տալով՝ զինվորականները որոշել են, որ նրանց տղամարդ խնամակալի թույլտվություն է պետք, եւ արգելել են նրանց զենք կրել:
Ակտիվիստներն այս քաղաքականությունը «մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ» են անվանել այն բանից հետո, երբ պաշտպանության նախարարությունը նաեւ որոշել է, որ զինված ուժերում կանայք, ի տարբերություն քաղաքացիական անձանց, պետք է գլխաշոր կրեն:
Այս քայլերը համացանցում բացասական արձագանք են գտել Քուվեյթում, որը սովորաբար համարվում է Պարսից ծոցի ամենաբաց հասարակություններից մեկը:
«Ես չգիտեմ, թե ինչի համար են բանակ մտնելու նման սահմանափակումները»,- AFP-ին ասել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ, Քուվեյթի ֆուտբոլի ասոցիացիայի կանանց կոմիտեի անդամ Գադիր ալ Հաշթին:
«Իրաքյան ներխուժման ժամանակ մայրս զենքերը թաքցնում էր հագուստի տակ ու դրանք փոխանցում Քուվեյթի դիմադրության անդամներին, եւ հայրս խրախուսում էր դա»,- ասել է Հաշթին:
Քուվեյթի կանայք 2005-ին են ընտրելու իրավունք ստացել եւ ակտիվ մասնակցություն են ունեցել ինչպես նախարարների կաբինետում, այնպես էլ խորհրդարանում, թեեւ երկուսում էլ նրանք քիչ են ներկայացված:
Այս ամիս, ավելի վաղ, տասնյակ քուվեյթցի կանայք բողոքի ցույց էին կազմակերպել՝ ընդդեմ կանանց յոգայի դասերի դադարեցման, որը պահպանողականները «անպարկեշտ» էին համարել: Կին ցուցարարների ձեռքին եղել են պաստառներ, որտեղ դատապարտել են «կանանց խնդիրների շահագործումը» քաղաքականության մեջ, ինչպես նաեւ «ֆաթվաների ռեժիմը»։
Կանանց համար բանակի նոր կանոնների շուրջ բանավեճը իռացիոնալ ընթացք է ստացել, ասում է Քուվեյթի համալսարանի անգլերենի պրոֆեսոր Իբթիհալ ալ Խաթիբը: «Բանակը պետք է առանց խտրականության ինտեգրի եւ՛ կանանց, եւ՛ տղամարդկանց։ Վտանգը տարբերություն չի դնում տղամարդկանց ու կանանց միջեւ, ոչ էլ մահը՝ ճակատամարտում: