Եվրոպայում ռեկորդային քիչ մեքենաներ են վաճառվել
Եվրոպայում ավտոմեքենաների վաճառքը հասել է պատմական նվազագույնի։ Տարեսկզբին ռեկորդային քիչ մեքենաներ են գնվել։ Գրանցված մեքենաների թիվը հունվարին կազմել է 682 596 միավոր։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով Եվրոպական ավտոարտադրողների ասոցիացիային (ACEA):
Ազատ առեւտրի եվրոպական ասոցիացիայի (EFTA) տվյալներով՝ հունվարին ավտոմեքենաների վաճառքը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել է 2,4 տոկոսով։ Արդեն յոթերորդ ամիսն անընդմեջ վաճառքի նվազում է նկատվում։
Սակայն նոր մեքենաների գրանցումների վերաբերյալ տվյալները Եվրոպայի առանձին երկրներում բավական տարբեր են: Օրինակ՝ Սլովակիայում վաճառքներն աճել են 72,6 տոկոսով, իսկ Ռումինիայում՝ 55,5 տոկոսով՝ համեմատած Արեւմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրներում անկումների հետ։
Ավտոմոբիլային ոլորտը դժվարություններ է կրում, մասնավորապես վաճառքի ծավալների նվազման հետ կապված, որի պատճառը կիսահաղորդիչների համաշխարհային պակասն է: Շատ ընկերություններ ստիպված են եղել դադարեցնել արտադրությունը։ Օրինակ՝ ամերիկյան Ford ավտոարտադրողը փետրվարի սկզբին սառեցրել է մի քանի գործարանների աշխատանքը։
Մինչ սովորական մեքենաների վաճառքը նվազում է, էլեկտրամոբիլները հանրաճանաչ են դառնում: Նորվեգիայում էլեկտրամոբիլների մասնաբաժինը ավտոմեքենաների շուկայում ավելի բարձր է, քան հանածո վառելիքով աշխատող մեքենաների մասնաբաժինը։ Ընթացիկ տարվա հունվարին երկրում արձանագրվել է ռեկորդային վաճառք՝ վաճառված ավտոմեքենաների 84 տոկոսը էլեկտրամոբիլներ են եղել: