Ավստրալիայում ածխով աշխատող խոշորագույն էլեկտրակայանը 2025թ․ կփակվի
Ավստրալիայում ածխով աշխատող խոշորագույն էլեկտրակայանը նախատեսվածից մի քանի տարի շուտ՝ 2025թ․ կփակվի, հայտնում է AFP-ը։
Origin Energy-ն ներդրողներին հայտարարել է, որ օբյեկտն այլեւս կենսունակ չէ՝ հաշվի առնելով էներգիայի վերականգնվող աղբյուրների ցածր արժեքը․ «էներգիայի վերականգնվող աղբյուրների ներհոսքը» խաթարում է Eraring հսկայական գործարանի տնտեսությունը:
Ավստրալիան աշխարհի խոշորագույն ածուխ արտադրողներից է, իսկ կլիման աղտոտող վառելանյութերը արտահանման եկամտի կարեւոր աղբյուր են, եւ ներկայիս վարչակազմը նման էլեկտրակայանների ավելի մեծ քանակի կողմնակից է։
Գործարանն աշխատել է մոտ 40 տարի եւ շահագործումից 2032թ․ պետք է հանվեր։
«Իրականությունն այն է, որ ածխով աշխատող էլեկտրակայանների տնտեսությունը գտնվում է աճող եւ անկայուն ճնշման տակ՝ ավելի մաքուր եւ էժան արտադրության, այդ թվում արեւային, հողմային եւ մարտկոցային էներգիայի պատճառով»,- ասել է Origin Energy-ի գործադիր տնօրեն Ֆրենկ Կալաբրիան՝ ընդունելով, որ այդ քայլը «ծանր» կլինի հարյուրավոր աշխատակիցների համար:
Էլեկտրակայանը այժմ ներառում է ածխի 720 ՄՎտ հզորությամբ չորս գեներատորներ եւ 42 ՄՎտ հզորությամբ մեկ դիզելային գեներատոր, որոնք ապահովում են Ավստրալիայի ամենախիտ բնակեցված Նոր Հարավային Ուելս նահանգի էլեկտրաէներգիայի մոտ մեկ քառորդը:
Ընկերությունը 240 միլիոն ավստրալական դոլար (173 ԱՄՆ դոլար) արժողությամբ ծրագիր ունի՝ գործարանը վերակազմավորելու եւ 700 մեգավատտ հզորությամբ մեծ մարտկոց տեղադրելու համար:
Origin-ը ավստրալական էներգիայի վերջին արտադրողն է, որը հայտարարել է իր ածխային ակտիվների վաղաժամ փակման մասին՝ չնայած ածխի նոր նախագծերին աջակցելու հարցում պահպանողական վարչակազմի վճռականությանը:
Մի քանի ածխի հանքեր եւ գործարաններ գտնվում են այնպիսի ընտրատարածքներում, որտեղ կատաղի պայքար է մղվում, իսկ դա նշանակում է, որ ե՛ւ կառավարությունը, ե՛ւ ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցությունը փորձել են չնյարդայնացնել ընտրողներին, որոնք ածխի օգտագործման կողմնակից են: