Սթոլթենբերգ. ՆԱՏՕ-ն շարունակում է ուժեղ քաղաքական եւ գործնական աջակցություն ցուցաբերել Վրաստանին և Ուկրաինային
Եվրատլանտյան տարածաշրջանում խաղաղությունն ու կայունությունը վտանգված են: Այս մասին Վրաստանի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը:
«Մոսկվայից ազդանշաններ են գալիս, որ դիվանագիտությունը կարող է շարունակվել։ Բայց մենք դեռ դուրս գալու կամ ապաէսկալացման նշաններ չենք տեսնում: Ռուսաստանը հերթական անգամ ցույց տվեց, որ անտեսում է եվրոպական անվտանգության հիմքում ընկած սկզբունքները, ինչպես նաեւ իր նպատակներին հասնելու համար ուժի կիրառմամբ սպառնալու իր կարողությունն ու պատրաստակամությունը: Ցավոք, վախենում եմ, որ սա նոր նորմ է, որին մենք պետք է պատրաստ լինենք»:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներն «անխոնջ աշխատում են՝ քաղաքական եւ դիվանագիտական լուծում գտնելու համար: Մենք դա անում ենք սերտ համակարգմամբ ինչպես Վրաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ։ Իսկ ՆԱՏՕ-ն շարունակում է ուժեղ քաղաքական եւ գործնական աջակցություն ցուցաբերել ինչպես Վրաստանին, այնպես էլ Ուկրաինային»,- ասել է նա։