ԱՄՀ-ն գնաճը «զգալի ռիսկ» է համարում, սակայն գների աճի աստիճանական դանդաղեցում է ակնկալում
Ընդհանուր գնաճը գերազանցել է կենտրոնական բանկի թիրախային ցուցանիշները G20-ի երկրների մեծ մասում՝ չնայած աճի ավելի թույլ տեմպերին, եւ շարունակում է «զգալի ռիսկ» մնալ: Այս մասին հայտարարել է ԱՄՀ-ը՝ նշելով, որ այս տարի գների աճը երկրների մեծ մասում պետք է աստիճանաբար դանդաղի։
Արժույթի միջազգային հիմնադրամը հայտնել է, որ գնաճը «շարունակել է զարմացնել դրական կողմից», հիմնականում՝ ապրանքների եւ բեռնափոխադրումների գների, առաջարկի եւ պահանջարկի շարունակական անհամապատասխանության եւ ավելի շատ ապրանքների վրա պահանջարկի տեղափոխման ատճառով:
Սակայն երկարաժամկետ գնաճային սպասումները հիմնականում անփոփոխ են մնացել ամուր քաղաքական հիմքերով երկրներում: ԱՄՀ-ն հայտարարել է, որ նվազման ռիսկերը շարունակում են գերակշռել, իսկ հունվարին գլոբալ աճի կանխատեսումը կես տոկոսային կետով՝ մինչեւ 4.4 տոկոս իջեցումից հետո հրապարակված տնտեսական ցուցանիշները վկայում են «աճի թույլ դինամիկայի» մասին:
Եվրոգոտում, Ճապոնիայում եւ Մեծ Բրիտանիայում ուղեւորությունների սահմանափակումների վերսկսումը թուլացրեց սպասարկման ոլորտի ակտիվությունը վերջին ամիսներին, իսկ կորոնավիրուսի տարածումը խաթարեց սպառողական տրամադրությունները Միացյալ Նահանգներում:
ԱՄՀ-ի գնահատականներով՝ մատակարարման խափանումները, հավանաբար, նվազեցրին համաշխարհային համախառն ներքին արդյունքի աճը 0.5-1 տոկոսային կետով 2021 թվականին եւ բազային գնաճը բարձրացրեցին 1 տոկոսային կետով:
COVID-19 վիրուսի նոր եւ վտանգավոր տարբերակների հնարավոր առաջացումը կարող է նվազեցնել տնտեսական ակտիվությունը։
Առաջարկի եւ պահանջարկի անհամապատասխանությունը կարող է սպասվածից երկար տեւել, ինչը կարող է կանխատեսվածից ավելի վաղ դրամական խստացման հանգեցնել խոշոր զարգացած տնտեսություններում, հատկապես՝ աշխարհի ամենամեծ տնտեսությունը հանդիսացող Միացյալ Նահանգներում:
«Դա կարող է վատթարացնել համաշխարհային աճի հեռանկարները, ֆինանսական պայմանների հանկարծակի խստացման հանգեցնել եւ զարգացող շուկաներից կապիտալի արտահոսք առաջացնել»,- ասել է ԱՄՀ-ն՝ նշելով պարտքի առանց այն էլ բարձր մակարդակի հետ կապված հավելյալ ռիսկը:
Չինաստանի՝ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը կարող է հետագա դանդաղման բախվել, եթե հետագա խնդիրների բախվի անշարժ գույքի շուկայում, մասնավոր սպառումը չվերականգնվի, իսկ COVID-19-ի լայնածավալ բռնկումը հետագա խափանումներ առաջացնի:
Զարգացող շուկաներով երկրների կենտրոնական բանկերը պետք է պատրաստ լինել անբարենպաստ ցնցումներին, եթե գնաճը շարունակի աճել խոշոր տնտեսություններում, եւ նրանք կընդունեն տոկոսադրույքների սպասվածից ավելի կտրուկ աճը: