Գերմանիայի իշխանությունները մինչեւ մարտի 20-ը կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը չեղարկելու մասին են հայտարարել
Գերմանիայի իշխանությունները մինչեւ մարտի 20-ը կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը չեղարկելու մասին են հայտարարել։ Այս որոշումը համընկել է հարեւան Ավստրիայի եւ Շվեյցարիայի գործողությունների հետ, հայտնում է AP-ն։
Եռափուլ ծրագիրը հաստատվել է կանցլեր Օլաֆ Շոլցի եւ դաշնային 16 հողերի նահանգապետների կողմից, քանի որ պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Գերմանիայում COVID-19-ով վարակման մակարդակը սկսում է նվազել։
«Հավանաբար արդեն գագաթնակետին է հասել»,- ասել է Շոլցը՝ հավելելով, որ առաջիկա շաբաթներին «իրավիճակի անընդհատ բարելավում» կարելի է սպասել։
Մեղմացումը պետք է սկսվի այն կանոնների չեղարկումից, որոնք արգելում են մարդկանց առանց պատվաստման կամ ապաքինման ապացույցների այցելել երկրորդական խանութներ, եւ մասնավոր հավաքույթների սահմանափակումները վերացնելուց:
Մարտի 4-ից ռեստորաններ եւ բարեր մուտք գործելու պահանջները կմեղմացվեն, բացասական թեստը բավարար կլինի։ Գիշերային ակումբներին կթույլատրվի վերաբացվել, թեեւ մուտքի սահմանափակումներով:
Իսկ «բոլոր պաշտպանական միջոցառումները» պետք է հանվեն մարտի 20-ից, «եթե հիվանդանոցներում իրավիճակը թույլ տա»։ Բայց Շոլցն ասել է, որ դիմակ կրելու եւ սոցիալական հեռավորության պահանջները ուժի մեջ կմնան: