Ճապոնիայում թռչող տաքսիներ կհայտնվեն
Joby Aviation ամերիկյան ինքնաթիռներ արտադրողը ճապոնական ANA ավիաընկերության հետ միասին Ճապոնիայում կգործարկի թռչող տաքսիներ։ Toyota Motor Corporation ավտոարտադրող կորպորացիան կհամագործակցի նրանց հետ, որպեսզի «սինքրոնացնի» տրանսպորտի նոր տեսակը սովորական փոխադրատեսակների հետ, ինչպես նաեւ հանդես կգա որպես Joby-ի ներդրողներից մեկը։ Այս մասին տեղեկացնում է TechCrunch-ը։
Ուղեւորներին կփոխադրի Joby Aviation-ի ստեղծած եւ չորս ուղեւոր տեղափոխելու կարողությամբ էլեկտրաինքնաթիռը։ Նախագծի մասնակիցները մանրամասն տեղեկություն չեն տրամադրում գործարկման ժամկետի եւ այն մասին, թե ինչպես է աշխատելու սերվիսը, բայց հավաստիացնում են, որ «հեղափոխական» նախագծի մանրամասները կհաղորդվեն «հարկ եղած ժամանակ»։ Ներկա պահին երեք ընկերություն քննարկում են այն հարցերը, որոնք վերաբերում են ենթակառուցվածքի զարգացմանը, օդաչուների ուսուցանմանն ու նորմատիվ պահանջներին։
Joby ընկերությունում հայտարարել են, որ այսօր կատարվել է առաջին քայլը, որը կօգնի պարզելու Ճապոնիայում աերոտաքսիների ծառայության հնարավորությունները։ Ընկերության ներկայացուցիչը նաեւ նշել է, որ կողմերը նախատեսում են համատեղ մշակել էլեկտրաինքնաթիռի երթուղիներն ու լուծել մյուս հարցերը։